Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալել էր «Զարյա»-ին: Առաջին կեսում Հանքափորները բացահայտ առավելություն ունեին հյուրերի նկատմամբ, սակայն «Զարյա»-ի ֆուտբոլիստներն իրենց դարպասապահ Կրշեվան Սանտինիի հետ միասին կարողանում էին անձնուրաց խաղի շնորհիվ անառիկ պահել իրենց դարպասը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսում խաղի պատկերը չփոխվեց: «Շախտյորը» շարունակում էր մեծ ուժերով առաջ նետվել, սակայն վերջին հարվածը դիպուկ չէր ստացվում:
Այդուհանդերձ 81-րդ րոպեին Սերգեյ Կրիվցովը հաղթող դուրս եկավ երկրորդ հարկում և գլխի հարվածով առաջ մղեց «Շախտյոր»-ին:
90-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց սպասված գոլն ու կրկնեց Ուկրաինայի առաջնությունների մեկ մրցաշրջանի ռմբարկուի ռեկորդը: Ընդամենը րոպեներ անց Լուիս Ադրիանոն վերջակետ դրեց այս հանդիպմանը:
«Շախտյորն» այս հանդիպումից հետո 69 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղուսյակը: