Ճշմարտությունը միակն է, և այն ասում է, որ մեծ քաղաքականությունը մեծ փողեր է, և մեծ փողերը ենթադրում են մեծ քաղաքականություն։ Սա երբեք չեն գիտակցել կամ, ավելի ճիշտ, գիտակցել են մեր բոլոր կառավարությունները, սակայն այդ գումարները յուրացնելու համար նրանք հարկադրված էին ձևացնել, որ երկրի բյուջեն չունի այդ մեծ փողերը։ Եթե մեր կառավարությունը չունի այդ մեծ փողերը, ուրեմն՝ ոչ մի հարց չի կարող լուծվել հօգուտ մեր երկրի․․․ Իսկ Ղարաբաղի հարցը լուծվեց, (թեև ոչ հօգուտ մեր երկրի, քանզի այդ լուծումը ամենևին չի կարող ապահովել ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր ամբողջ երկրի անվտանգությունը, և ոչ էլ հօգուտ մեր հարևանի, չնայած նրանք են այդպես կարծում), որովհետև ոչ միայն Ռուսաստանին էր ձեռնտու նման լուծումը, այլև «միջազգային հանրությանը», որը համարում է, որ այս լուծումը հօգուտ մեր ժողովրդի է․․․ Եթե մի պահ ընդունենք, որ այն հօգուտ մեզ է, ապա խնդիրն ընդամենը հանգում է սահմանների պաշտպանությանը, որն այդպես էլ, ըստ էության, չեն կարողանում իրականացնել մեր կառավարությունները․․․ Ցանկության դեպքում մեր կառավարությունները կարող էին ձեռքի տակ ունենալ բավական գումար, սակայն նրանք միշտ հայտնվում են խաղից դուրս կարգավիճակում, քանզի նրանց նպատակն ամենևին ազգային չէ, այլ՝ անձնական, և նրանք կարողանում են վերարտադրվել, որովհետև մեր հասարակության նպատակը նույնպես ազգային չէ, այլ՝ անձնական․․․ Ղարաբաղի հարցի քննարկումը կարող է ձգձգվել տասնյակ տարիներ։ Քաղաքականություն է․․․ Բայց դա ամենևին կապ չունի մեր սահմանների պաշտպանության հետ։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ցանկանար, որ Ղարաբաղը մնար մեր հարևանի տնօրինության ներքո, ապա խնդրի լուծման ընթացքը բոլորովին այլ կլիներ։ Ինչպես էլ լուծվեր խնդիրը, ուր էլ հասնեին մեր ջոկատները քսաներեք տարի առաջ (իսկ նրանք պարտավոր էին հանուն երկրի անվտանգության առաջ գնալ), դրանից հետո ամեն ինչ շարունակվելու էր նույն ձևով, սակայն արդեն hօգուտ մեզ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: