Դատախազության մասին օրենքում փոփոխություն անելու նախագիծ է քննարկվում այժմ ԱԺ-ում։ Դատախազության՝ իրավապաշտպան գործունեության մասին դրույթներն ամրագրված են սահմանադրությամբ, սակայն մերօրյա հանրային ընկալումներում, ցավոք, նույն բանը չենք կարող ասել։ Պատճառների մասին շատ է խոսվել, և այս առումով դատախազությունը պետական մյուս գերատեսչություններից չի առանձնանում վստահության արժանանալու առումով։ Այլ կերպ ասած՝ խնդիրը համակարգային է։ Սա բնավ փորձ չէ, այսպես ասած, խնդրի լուծումը բարդելու համակարգի վրա։ Ի վերջո, Հայաստանն ունի տեսչություններ, որոնք մնացածից ինչ-որ առումով ավելի կայացած են, օրինակ՝ ՊՆ-ն։ Հետևաբար ռացիոնալ աշխատանքի ու քաղաքական կամքի պարագայում հնարավոր է հասնել հաջողության նաև այս ոլորտում։ Չափորոշիչների մասին խոսելիս իշխանությունը հաճախ կաշկանդվում է, որովհետև ասել, թե Հայաստանում արդարադատության ոլորտի վերաբերյալ վստահություն կա, նշանակում է ոչինչ չասել։ Ասել, թե վերջին 10 տարիների ընթացքում աղմկահարույց դեպքեր տեղի չեն ունեցել, որոնք այս կամ այն դրդապատճառով պարտակվել են դատախազության կողմից, նույնպես սխալ է։ Հետևաբար այսօր դատախազությունն ունի բացառապես մեկ խնդիր՝ վերականգնել հանրության վստահությունը, իսկ դրա համար անհրաժեշտ գործիքակազմ այն հաստատ ունի։ Պետք է պարզապես քաղաքական կամք դրսևորել ու պատասխանատվության կանչել այն օրինախախտներին, ովքեր, անկախ իրենց սոցիալական ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, կարող են իրենց համարել արտոնյալներ։ Վստահեցնում եմ, մեկ այդպիսի դեպք, և վերաբերմունքն այդ պետական ստրուկտուրայի հանդեպ կտրուկ կփոխվի, այլապես, ինչքան էլ օրենք բարեխոխվի, ինչքան էլ լիազորությունների շրջանակը մեծանա, միևնույն է, ոչինչ չի ստացվելու, և «դարձ ի շրջանս յուր» երևույթը նորից չոքելու է մեր դռանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: