ՌԴ-ն մտադիր չէ քաղաքական դիվիդենտներ տալ Րաֆֆի Հովհաննիսյանի նման գործիչների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին:
Նա նշեց, որ դա, ամենայն հավանականությամբ, մասնավոր այց էր. որևէ պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց, թե նա հանդիպելու է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը կվկայեր, թե տարածված տեղեկատվությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միտք ունի քաղաքական հանդիպումներ ունենալ Կրեմլում, ճիշտ է: Ըստ նրա՝ պարզապես Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը փորձում են հասկանալ, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Հայաստանի քաղաքական լանդշաֆտում տեղի ունեցող փոփոխություններին Ռուսաստանի համար ստրատեգիապես կարևոր այս տարածաշրջանում:
Ռուսաստանցի քաղաքագետը հիշեց նաև ԲՀԿ-ին. «Կարծում եմ, որ նույնն է անում նաև ԲՀԿ-ն՝ մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Գագիկ Ծառուկյանը, նաև իրեն մոտ կանգնած մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես են Ռուսաստանում վերաբերվում իրեն: Բայց ՌԴ ղեկավարությունը հայաստանյան ընդդիմության հետ, կարծում եմ, կապ չունի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՌԴ ղեկավարությունը մտադիր չէ որևէ կերպ դիվիդենդներ և խոստումներ տալ այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսին է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչո՞ւ. որովհետև նա կողմնորոշված է դեպի արևմտաեվրոպական վեկտոր: Ես կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը միտված է աջակցելու գործող նախագահին՝ Սերժ Սարգսյանին. սա իմ զգացողությունն է»:
Վերջինս նշեց, որ ցանկացած երկիր, որը հարևան երկրի քաղաքական գործիչների հետ հարաբերություններ է կառուցում, հիմնվում է ոչ թե բառերի, այլ կոնկրետ գործողությունների վրա:
«Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամբողջ ընտրարշավի ընթացքում հանդես չի եկել ՀՀ Եվրասիական ինտեգրման դիրքերից: Ավելին՝ մենք ականատեսն էինք ՀՀ ռազմավարական գործընկերոջ հասցեին քննադատության: Ուստի եթե նա մտադիր էր փոխել Կրեմլում իր մասին ձևավորված կարծիքը, ապա կասկածում եմ, որ հնարավոր է երկու-երեք հանդիպման միջոցով կարդինալ կերպով իմիջ փոխել: Նա բավականին հաստատակամ է իր արտաքին կողմնորոշման հարցում: Չեմ կարծում, որ միտք ունի ռեբրենդինգ իրականացնել»,- նկատեց Վլասովը՝ հավելելով, որ չի կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես հանդիպումներ է ունեցել Մոսկվայում:
Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտանիքի անդամների հետ մեկ օրով մեկնեց Մոսկվա: Հատկանշական է, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իր երդմնակալության արարողության ժամանակ նա հայտարարել էր, որ գնալու է Մոսկվա, հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հաղթանակ է բերելու հայ ժողովրդին: Մոսկվա կատարած այցը որակվեց որպես մասնավոր, թեև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից մեկը նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոնական հրավերք է եկել Մոսկվայից: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Երևանում է, Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպել:
Նյութի աղբյուրը