«Ո՞վ է Խզմալյան Տիգրանը, մի հատ լրագրողական հետաքննություն արեք` որտեղից է նա հայտնվել քաղաքական դաշտում, ինչու է այդքան ակտիվ ու երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ու իր ընկերների ասածը չի անում, ինչի է ատում Րաֆֆուն»,-Henaran.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, երբ հարցրինք, թե համաձայն է Նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանի այն տեսակետի հետ, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտայում թողեց մարդկանց ու գնաց Ծիծեռնակաբերդ, քաղաքական դիակ դարձավ: «Երկիրը լիքն է պատվիրված ու անուղղակի գործակալներով, մնում է պարզել՝ ինքը պատվիրված է, թե անուղղակի. մարդկային անձնական նվիրում չեմ տեսնում նրա մեջ, իրեն անձամբ ոստիկանի դեմ կանգնած չեմ տեսնում»,-ասաց Մազմանյանը:
Վերջինս ամեն դեպքում համաձայն չէ Խզմալյանի այդ տեսակետի հետ, սակայն պնդում է, որ Հովհաննիսյանը կորցրեց այլ քաղաքական ուժերի ձայները` ազատ ձայները, որոնք տարերայնորեն անցել են նրան ու կորցրեց ընդդիմադիր դաշտի լիդերի ստատուսը: Մազմանյանը նկատեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որ Հովհաննիսյանը կորցնի լիդերի ստատուսը: Հարցին, թե ում նկատի ունի, նա պատասխանեց, որ այդ ուղղությամբ առավել շատ աշխատում էր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն իր կեցվածքով ցույց տվեց, որ չկա այս խաղի մեջ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ռեկտորը նշեց, որ ԲՀԿ-ն էլ ապրիլի 9-ին ցույց տվեց, որ ընդդիմադիր է, երբ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նախագահի երդմնակալությանը:
Նրա համար նաև հասկանալի է, թե ինչու Հովհաննիսյանը հեռացավ Բաղրամյան պողոտայից:
Մանրամասները` տեսանյութում: