Ապրիլի 9-ին տեղի ունեցավ թվով 4-րդ ՀՀ նախագահության երդմնակալության արարողությունը: Թերևս, նախօրեին ոստիկանությունը վստահեցրել էր, որ ապրիլի 9-ին Երևանում փակ է լինելու միայն Աթենքի փողոցը, այն էլ շատ կարճ ժամանակահատվածով, սակայն, առավոտից փակ էին մի շարք փողոցներ, այն էլ շատ երկար ժամանակահատվածով: Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ջրցան մեքենաներ էին բերվել: Սակայն, մարդիկ պայքարելով հաղթահարեցին խոչընդոտները՝ հասնելով Ազատության հրապարակ: Մարդիկ շարունակվում էին հավաքվել, եկել էին տարբեր վայրերից՝ քաղաքից, մարզերից, նույնիսկ արտերկրից: Նույն ժամանակ ԱԺ հատուկ նիստում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ինչպես 2008-ին, այս տարի նույնպես օրը մռայլ էր, քամոտ ու անձրևոտ: Կարմիր գորգը փռված էր, պարզվել էին նաև եռագույնները: Տխուր, կեղծված սրահ էին մուտք գործում հրավիրվածները՝ պատգամավորները, օլիգարխները, շոումենները, արտերկրյա հայերը, տեղի-անտեղի հյուրեր, լրագրողական թիմն էլ վաղուց ներսն էր: Հիշեցնեմ, որ երդմնակալությունը տեղի էր ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դժվար թե մեզանից ինչ-որ մեկը չհիշի հոկտեմբերի 27 -ի դեպքերը, հետագա գործընթացն ու ծածկադմփոցները: Երդմնակալության մեկնարկից առաջ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանից դուրս բերեց ՀՀ Սահմանադրության մայր օրինակը: Այնուհետև, նույն հանդիսությամբ Մատենադարանից դուրս բերվեց Վեհամոր ավետարանը: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը հանդիսավոր քայլերով մտավ համալիր: Սերժ Սարգսյանը, ով ուշադրություն չդարձրեց երկրում կատարվող անօրինականություններին և կեղծիքներին, ավելին, դարձավ նախագահ սեփական միջոցներով՝ «ընտրությունով», նախագահ, ով հանգիստ է վերաբերվում օլիգարխների վարուցանին, նրանց կատարած հանցագործություններին:
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետությոան և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,-երդվեց Սերժ Սարգսյանը: Նույն պահին կամ փոքր-ինչ ուշ Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» երդման խոսքն էր ասում Րաֆֆին, իր հետևից կրկնում էին հավաքվածները: Հավաքվածները շարունակում էին վանկարկումները «Րաֆֆի՝ նախագա՛հ», «Հիմա՛», իսկ ձեռքներում պահել էին «Փրկիչ չկա, փրկիչը դու ես», «Անջատե՛ք հեռուստացույցները, միացրե՛ք ուղեղները», «Օգնե՛ք՝ խիարը ճիշտ բուսնի» և այլ նմանատիպ կոչերով ցուցապաստառներ: Այնուհետև Րաֆֆին հորդորեց երեխաններին տուն տանել, իսկ ժամը 18-ին կրկին վերադառնալ: Սակայն, ի նշան Րաֆֆու հորդորին, հավաքվածները պահանջեցին գործողություն. ընդմիջումից հետո ուշ կլինի:
Մինչ ժամը 18-ը շատ երիտասարդ ակտիվիստներ օրն անցկացրին ոստիկանության բաժանմունքներում, ավելի ուշ Րաֆֆու վերադարձով ազատվեցին նաև ակտիվիստները: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Ով տուն գնաց վախից, ուտելու, խմելու, մեզ քարոզ կարդալու, դուք մեռնե՛ք: Սերժ Սարգսյան, Գարեգին Ներսիսյան, դուք հրաժարական եք տալու մեր ժողովրդի առջև: Պահանջում եմ ձեր հրաժարականը: Սա սպառնալիք չէ, ոչ էլ վերջնագիր է»,- հայտարարեց Հովհաննիսյանը: «Հիմա՛, հիմա՛»,- վանկարկում էին հրապարակում հավաքվածները: «… Ես պատրաստ եմ վաղը…»,- Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը նորից կիսատ մնաց: «Հիմա՛, մի՛ վախեցեք»,- շարունակում էին հակառակվել հրապարակում հավաքվածներից շատերը: «Ես վաղը առավոտ…»,- Հովհաննիսյանի խոսքը կրկին կիսատ մնաց: «Հիմա՛»,-գոռում էր և շարունակում պահանջել հավաքված բազմությունը: Երբ նա սկսեց խոսել ապրիլի 12-ին իր անելիքի մասին, հավաքված ժողովուրդը սկսեց սուլել: «Ի՞նձ եք սուլում, այո, կարող եք ինձ սուլել»,- պատասխանեց Ր. Հովհաննիսյանը ու հավելեց, -Համբերե՛ք էլի»: Քաղաքացիների չհանդարտվող բողոքի ալիքին ի պատասխան Ր. Հովհաննիսյանը հակադարձեց. «Ոնց որ Սերժ Սարգսյանը լինեք»: Նա նշեց, որ ապրիլի 12-ին ժամը 6-ին 2 ժամանոց հավաք է լինելու: «Ինչի՞ համար: Հիմա՛, հիմա՛»,- բացականչեցին քաղաքացիները:
Մասնակիցները սկսեցին բողոքի երթը դեպի Բաղրամյան պողոտայի սկբնամաս, սակայն այնտեղ հանդիպեցին ոստիկանների «չինական» պարսպի: Ոստիկանները պնդեցին, որ Բաղրամյան 26 հասնել չի հաջողվելու, հավաքվածների և ոստիկանության մեջ վիճաբանություն ստեղծվեց: Սկզբում իրավիճակը համեմատվեց 2008 թվականի «Մարտի 1»-ի հետ, յուրաքանչյուրի մտքում հարց էր ծագել. «Մահանալ հանուն ազատության և անօրինականության դեմ պայքարի՞, թե՞ լինել մահից կյանքված, ինչպես 2008-ից հետ հերթական 5 տարիներում իրենց գոյատևման համար պայքարող բողոքականները»:
Որոշ ժամանակ անց Րաֆֆի Հովհաննիսյանը Վովա Գասպարյանի ուղեկցությամբ գնաց Ծիծեռնակաբերդ՝ թողնելով պայքարող ժողովրդին ոտքից գլուխ զինված ոստիկանության և նրան մահակների առջև: Ոստիկանների կազմակերպած աբստամբությունից տուժեց նաև «Ժառանգության» փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը: Նրան մի քանի ծնկի հարվածներով արյունլվա արեց ոստիկանը՝ բերետավորը, այն նույն համակարգի աշխատողը, ում գործընկերոջը մի քանի տարի առաջ սեփական թիկունքով պաշտպանել էր, իր մարմնի վրա զգացել էր ամեն ցավ, իսկ ոստիկանի պաշտպանելով փրկել էր նրա կյանքը, որ այսօր ենթադրաբար փորձեն կոտրել նրա քիթը:
Վերջում, բախումներից և բազմաթիվ ոստիկանական հարվածներից, բռնություններից փրկված հասարակությունը Րաֆֆու և ոստիկանապետի բանակցությունով հասավ Բաղրամյան, որտեղից էլ վերադարձավ Ազատության հրապարակ և հեռացավ՝ մի օր Հայաստանն օրինական, առանց կեղծարարների, օլիգարխների, ախռանիկների, ԸՆՏՐՎԱԾ նախագահի երդումը ողջ ազգով ունկնդրելու, լուսավոր երկիր ունենալու չմարող հույսով:
ՀՈՎՅԱՆ
Լուսանկարը՝ www.Tert.am
Տեքստը՝ www.hovyan.com



