Հայկական ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանը ժողովրդական երգն ու երաժշտությունը հայ հանդիսատեսին մատուցում է դեռ 90-ականներից: Հայաստանում ծնված, այստեղ կրթություն ստացած ու հայկական արմատներին այդչափ մոտ կանգնած երգիչն ամենատարբեր բեմերում Հայաստանն ու հայրենիքը կարոտած հանդիսատեսին իր երգով ևս մեկ անգամ տեղափոխում է այստեղ:

Երաժշտական ձեռքբերումների, Հայաստանից Լոս Անջելես տեղափոխվելու ու բնակություն հաստատելու, հայկական երգարվեստի ու առաջիկա ծրագրերի մասին BlogNews.am  կայքը զրուցել է Գագիկ Բադալյանի հետ:

- Գագիկ, ի՞նչը ստիպեց Ձեզ հեռանալ հայրենիքից և մշտական բնակությամբ հաստատվել ԱՄՆ-ում:

- Այս հարցը բավական ցավոտ ընկալում ունի, քանի որ մի տեսակ թաքնված մեղադրանք կա դրանում։ Իհարկե, կարելի է բազմաթիվ պատճառներ բերել, փորձել արդարանալ, բայց կարծում եմ՝ արդարանալու կարիք չկա, քանի որ կյանքը նրանով է գեղեցիկ, և ապրելը նրանով է հետաքրքիր, որ իրավիճակները հաճախ դուրս են մեր հսկողության տիրույթից։

Այս հարցին եթե փորձեմ կարճ պատասխանել, պետք է ասեմ՝ հանգամանքներն ինձ բերեցին ԱՄՆ և նույն այդ հանգամանքներն էլ առայժմ պահում են ինձ այստեղ։

- Հավատացեք, նման հարցերը չունեն որևէ լատենտ մտադրություն: Պարզապես հետաքրքիր են պատճառները, թե ինչպես են տաղանդավոր հայերը դրսում հայտնվում։ Ինչևէ: Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում: Ի՞նչն եք ամենից շատ կարոտում այստեղ:

- Մոտ 19 տարի առաջ: Ժամանակն անցնում է, և ամեն բան, որ անդառնալիորեն մնում է անցյալում, մի տեսակ քաղցրանում է, ամեն ինչ, ինչը կապված է Հայաստանի հետ, կարոտում եմ, այսինքն՝ զգում եմ դրա կարիքը՝ սկսած սիրածս փողոցներից մինչև մարդիկ։ Հաճախ մարդը, վերադառնալով ծննդավայր կամ մի տեղ, ուր վաղուց չի եղել, ցավով նկատում է, որ ամեն բան էլ առաջվանը չէ, և դա նորմալ է ու օրինաչափ, այլ հարց է, որ ինքդ չես ցանկանում ընկալել դա։

Իմ կարծիքով՝ մարդը կարոտում է ինքն իրեն տվյալ ժամանակի մեջ։ Մնացածը զուտ տրամաբանական ընթացք է։

- Հետաքրքիր է՝ հետևո՞ւմ եք հայկական երգարվեստին, Ձեր մատուցած երգերը հատկապես ինչով են տարբերվում մյուս կատարողների երգերից:

- Իհարկե, հետևում եմ ինձանից անկախ, քանի որ երգն իմ էության մեջ է, և ցանկացած բան, որ կապված է երգի ու երգարվեստի հետ, ինձ հետաքրքիր է։

Բավական լավ ու ճաշակով կատարողներ կան հիմա թե՛ ավագ սերնդի կազմում և թե՛ հատկապես երիտասարդների ու երեխաների շարքում։

Ինչի վերաբերում է իմ մատուցած երգերին, ապա ես չեմ, որ պիտի գնահատական տամ իմ արած գործին։ Իսկ տարբերվել զուտ մակերեսային դաշտում, ապա, այո, ես տարբերվում եմ բոլորից, և բոլորն էլ ինձնից են տարբերվում:

- Հայկական ժողովրդական երգեր կատարելը որքանո՞վ է շահավետ ձեզ համար` որպես երգչի:

- Չեմ կարծում, թե շահավետության խնդիր կա, ես հայկական ժողովրդական երգեր եմ կատարում, քանի որ դա իմ ներսից է գալիս։ Իսկ զուտ շուկայական առումով եթե չափենք, ապա երբեք բարձրարվեստ գործը (խոսքը ոչ թե իմ երգելու մասին է, այլ հայ երգի՝ ընդհանրապես) պոպուլյար չի կարող լինել. դա կանոն է։

-Իսկ ո՞րն է հիմնականում Ձեր լսարանը։ Ժողովրդական երգերով ավելի հետաքրքրված են երիտասարդնե՞րը, թե՞ մեծահասակները:

- Տարիներ առաջ հայ ազգային երգի հիմնական լսարանը կազմում էին մեծահասակները, սակայն մեծ գոհունակությամբ պետք է նկատեմ, որ երիտասարդները վերջին տարիներին ավելի շատ են սկսել սիրել հայ երգն ու երաժշտությունը։

Սերը դեպի հայկական երգն ու մշակույթը որտեղի՞ց է գալիս Ձեզ մոտ: Արդյո՞ք այդ հարցումիրենց դերն ունեն ընտանիքն ու դաստիարակությունը:

- Անպայման, թե՛ ընտանիքը, թե՛ միջավայրն առհասարակ ազդում են անհատի ձևավորման վրա, սակայն այդ ամենի հետ մեկտեղ կա նաև չբացատրվող կողմը՝ գեներդ ու Աստծո տված շնորհը։ Եթե դրանք կան, ապա դու դատապարտված ես այդ ամենը կիրառելու։

-Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ Ձեր առաջին քայլերն անելիս երգեցիք լեգենդար ՌուբենՄաթևոսյանի հետ: Ի՞նչ տվեց այն Ձեզ:

- Այդ առումով կյանքը բավական շռայլ է գտնվել իմ հանդեպ. թե՛ Ռուբեն Մաթևոսյանի հետ եմ պատիվ ունեցել երգելու, թե՛ Հովհաննես Բադալյանի։ Վերջերս մի ամբողջ համերգ կազմակերպվեց իմ և մեր մյուս վարպետի՝ Պապին Պողոսյանի հետ։ Այս առումով անպատմելի է, թե այդ ամենը ինչ է տվել ինձ, կարելի է ասել՝ տվել է այն, ինչ ես այսօր կամ:

Եվ վերջում, Գագիկ, առաջիկա ծրագրերում կա՞ Հայաստան տեղափոխվելու կամհամերգներով Հայաստանում հանդես գալու միտք:

- Հանգամանքները ցույց կտան հետագա ընթացքը։ Իսկ հայրենիքում հանդես գալը, կարծում եմ, յուրաքանչյուր սփյուռքահայ արվեստագետի ցանկությունն ու երազանքն է, որովհետև, անկախ ամեն ինչից, որքան էլ մենք լավ ենք մեզ զգում դրսում, առանց Հայաստանի, առանց հայրենիքի կիսատ ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել