«Երաժշտությանը, առհասարակ, արվեստին ծառայելը մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ»,-ասում է դաշնակահարուհի Անի Առուշանյանը, ով մեր կայքի հետ անկեղծ զրույցում կիսվում է իր ստեղծագործական ձեռքբերումներով, հաջողության բանաձևով և պատմում World Piano Teachers Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը նախագահելու մասին:

6 տարեկանից Անին հանդես է եկել մենահամերգներով և ազգային, միջազգային մրցույթների դափնեկիր է (Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Բելգիա):
Դաշնակահարուհին ելույթ է ունեցել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Հունաստանում, Պորտուգալիայում:
Նա վարպետության դասեր է ստացել այնպիսի աշխարհահռչակ մասնագետներից, ինչպիսիք են՝ Պոլ Պոլեյը (ԱՄՆ), Սերխիո Պերտիկարոլին (Իտալիա), Բեռնդ Գետցկը (Գերմանիա) և այլք:
Վլադիմիր Սպիվակով միջազգային բարեգործական հիմնադրամի անդամ է:
Առուշանյանը նաև պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարի «Ոսկե Մեդալ» պատվավոր շքանշանով։

Իսկ վերջին տարվա գլխավոր ձեռքբերումը դաշնակահարուհու համար WPTA (World Piano Teachers Association )-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնն է։

 

Պատմելով, թե ինչպես տարիներ առաջ ինքն ընտրեց հենց դաշնակահարուհու մասնագիտությունը՝ Անին ասում է. «Երաժիշտ դառնալն իմ ընտրությունը չի եղել, ոչ էլ ընտանիքիս կամ շրջապատող մարդկանց միջամտությունն է ազդել, դա շատ օրգանիկ պրոցես էր: Ինչպես առաջին ուսուցիչս`Մարինա Մաիլյանն էր ասում ՝ երաժիշտ պետք է դառնաս և վերջ, ուղղակի այլընտրանք չունես:
Առաջին համերգներիցս հետո ներսումս կուտակված էմոցիաները «նետում» էի նկարչության օգնությամբ. նկարում էի մատիտներով, ներկերով, մոխրով, ատամի մածուկով, այն ամենով, ինչը կարող էր իր ետևից ինչ-որ հետք թողնել:
Ես նկարում էի ու անգամ չեի մտածում՝ դա ինձ դուր է գալիս, թէ ոչ: Չնայած հիմա շատ հազվադեպ է հայտնվում մատիտը ձեռքումս՝ այն ավարտվում է աբստրակտցիայով. երևի ներքին աշխարհս վերարտադրելու ճիչ է նորից:
Միշտ մտածել եմ՝ մարդ երաժիշտ ծնվու՞մ է, թե ամեն դեպքում դառնում: Կարծում եմ, որ բոլորը ծնվում են երաժիշտ`ունենալով այն «աստրալ լարը», որի օգնությամբ կարող ես ֆիքսել տարբեր տիեզերական վիբրացիաներ, մնում է դրանք բացահայտել, զարգացնել, մարմնավորել ու փորձել դառնալ երաժիշտ:

Դասական մշակույթը ռասա կամ կրոն չի ճանաչում, ո՛չ ոճ է, ո՛չ գիտական տերմին:
Այն այնպիսի չափազերծ ինտուիտիվ ձևավորված կատեգորիա է, որ չունի ճշգրիտ սահմաններ, անգամ եթե փորձես բաց թողնել իրեն, ինքը երբեք քեզ չի թողնի, «վարակի» պես վերցնում է քեզ ու վերջ`«գերի ես»»:

Դաշնակահարուհին նաև հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ:
Անի Առուշանյանը արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևի ղեկավարությամբ ուսումնասիրել է սակավ հետազոտված երևույթներից մեկը՝ վարիացիոն մտածողությունը հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններում: 2013 թվականին Առուշանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

 Կիսվելով իր հաջողության բանաձևով՝ դաշնակահարուհին չի մոռանում խոսել նաև հիասթափությունների մասին.«Երբ ձգտում ես հաջողության, պետք է կենտրոնանալ ոչ թէ սեփական շահերի, այլ հանուն ողջ հասարակության  բարօրության վրա՝ չկորցնելով, իհարկե, անհատականությունդ:
Հաջողության նկատմամբ միշտ պետք է ընդգծված կողմնորոշում ունենալ, նախընտրել միայն լավատեսական հայացքները կյանքի նկատմամբ:
Իհարկե, բոլորիս կյանքում էլ լինում են խոչընդոտներ, հիասթափություններ, ինչպես ասում են՝ ես չափազանց լավ եմ ճանաչում հիասթափությանը, որպեսզի  տխրեմ այդ կապակցությամբ:
Ինքս հանդիպել եմ և՛ մասնագիտական, և՛ ոչ մասնագիտական կյանքում հիասթափությունների: Մեր կյանքում ցանկացած իրադարձություն պատահական չէ, բայց դժվարի առավելությունները բացահայտվում են միայն ժամանակի ընթացքում:

Ամեն անգամ, երբ մենք հիասթափություն ենք ապրում, դա նշանակում է, որ մեր ակնկալիքներում ինչ-որ սխալմունք կա: Այսինքն՝ հիասթափությունը առաջանում է իրականության և մեր ակնկալիքների միջև եղած անհամապատասխանությունից, բայց չէ որ իրականությունն այդպիսին է եղել, չի փոխվել մեր ճշմարտության բացահայտմանը նախորդող մեկ վայրկյանում: 
Աշխարհը դավադրություն չի կազմել անձամբ մեզ տանջելու համար: Իհարկե, ոչ հաճելի զգացողություն է, բայց պետք է այլ տեսանկյունից դիտարկել այն`աշխարհի մասին ավելին իմանալու և ձեր ենթադրությունները շտկելու համար»:


Ինքը՝ դաշնակահարուհին, փորձում է հիասթափությունը դիտարկել որպես դրական հույզ, որը շատ դեպքերում մարդուն իր ճիշտ տեղն է ցույց տալիս, ցույց է տալիս ինչպիսին է իրականում աշխարհը, և թե մարդն ինչ տեղ ունի այնտեղ, ավելի ուշադիր և հոգատար է դարձնում, ազատում է կյանքի վտանգավոր պատրանքներից:
Ինչպես նշում է Հենրի Բիչերը՝ ամենամեծ հաջողությունը գալիս է մեծագույն հիասթափություններից հետո: Խոչընդոտներն ու հիասթափությունները պետք է դիտարկել որպես  առաջ շարժվելու, զարգանալու խթան և լավատեսությամբ ու էներգիայով արձագանքել: Պետք է ապավինել սեփական կարողություններին ու հավատալ,որ հաջողությունը կախված է միմիայն քեզնից: Դու ինքդ ես քո նավի նավապետը:

Առուշանյանը կարծում է՝ լավագույնը, որ մենք կարող ենք և պետք է անենք, ոչ միայն բացասական հույզերին հաջողությամբ դիմակայելն է, այլև դրանք արդյունավետ կառավարելը, ինքնավստահ լինելը, սեփական ուժերին հավատալը: Փորձերի ընթացքում կարող ես քեզ քննադատել, բայց ելույթի ժամանակ՝ ոչ մի դեպքում։ Ջազաին դաշնակահար Քենի Վերներն իր հեղինակած գրքում մի հետաքրքիր միտք է արտահայտել.«Մարդը երաժիշտ է դառնում, երբ չի վախենում սխալ նվագելուց կամ նոտաները մոռանալուց»:

Այս առթիվ դաշնակահարուհին հիշում է միջազգային մրցույթներից մեկում իր հետ կատարված հիշարժան դեպքերից մեկը.« Բելգիայում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթի  պարտադիր կետերից էր բելգիացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից որևէ մեկի կատարումը:
Նոտաները շատ դժվարությամբ գտա մրցույթից 9 օր առաջ, իսկ կատարման հենց սկզբին ուղղակի  մոռացա ստեղծագործությունը, մի վայրկյան լռությունից հետո հավաքեցի ինձ և ուղակի իմպրովիզ արեցի: Արդյունքում ստացա քաղաքապետի հատուկ մրցանակը բելգիական ստեղծագործության լավագույն կատարման համար:
Ինքս չեմ պրոպագանդում սխալ նվագելը կամ նոտաներ մոռանալը, ավելի առաջնային խնդիր եմ համարում ելույթի ժամանակ էմոցիաները ճիշտ ներդնելու կարողությունը:

Ինքնաքննադատությունը նման է սղոցի, որը սղոցում է այն աթոռը, որի վրա նստած ես:  Եթե կատարողը տալիս է հանդիսատեսին էմոցիա, կներեն նրան անճշտությունների կամ հիշողության փոքր սխալի համար: Միշտ շնորհակալ կլինեմ իմ ամենադասախոս, պրոֆեսոր Անահիտ Բոգդանյանին, ով ինձ սովորեցրեց մտածել սեփական գլխով և հավատալ ինքս ինձ ու իմ ուժերին: Նա երբեք չասաց, թե ինչպես պետք է նվագել, միայն ասաց, թե ինչպես չնվագել՝ ստիպելով ինձ ինքնուրույն փնտրել, գտնել, ստեղծել իմը, ինչն էլ դարձավ իմ ամբողջ երաժշտական կյանքի հիմքը»։

Նշենք, որ ամիսներ առաջ Առուշանյանը ստանձնեց WPTA (World Piano Teachers Association )-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնը։ Ասոցիացիայում հայտնվելը նրա համար որքան անակնկալ էր, նույնքան էլ կանխատեսելի. «Առաջարկը ստացա Դոկտոր Դորիան Լելյակից,ով WPTA -ի, նա դաշնամուրաին համաշխարհային կոնֆերանսի (WPC), WPTA դաշնամուրային միջազգային մրցույթի (WPTA IPC) նախագահն է, Եվրոպական դաշնամուրի ուսուցիչների ասոցիացիայի (EPTA Voyvodina) պատվավոր նախագահը, գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև Isidor Bajic International Piano Competition, Panopticum Musicum/Musica Ricercata երաժշտական դպրոցների գործադիր տնօրենը։
Դոկտոր Լելյակը Նովի Սադի Արվեստների ակադեմիայի պրոֆեսոր է և դասավանդում է Լոնդոնի Թագավորական քոլեջում: Դորիան Լելյակը հաճախ  հանդիսանում է այնպիսի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, ինչպիսիք են Քլիվլենդի, Մոնտերեյի «Պառնաս», «Սկրյաբին» (Իտալիա), Մոնոպոլի «Բարլետայի» և «Շոպենի» (Իտալիա) միջազգային մրցույթները։

Եղել է իմ մասնակցությամբ միջազգային մրցույթների ժյուրիի նախագահ, ում բարձր գնահատանքին մեկ անգամ չէ, որ արժանացել եմ»:

WPTA-ն դաշնամուրային արվեստին առնչվող ամենաընդգրկուն ասոցիացիան է, որը գործում է ամբողջ աշխարհում։ Այն հիմնադրվել է 2007 թվականին, պրոֆեսոր Դորիան Լելյակի նախաձեռնությամբ։ Ասոցիացիան իր ներկայացուցչություններն ունի աշխարհի մի շարք երկրներում, որոնց նախագահությունը ստանձնել են այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են Գրիգորի Սոկոլով (Ռուսաստան), Պիտեր Ֆրանկլ (ԱՄՆ), Անժելա Հյուիթ (Կանադա), Թամաշ Վասարի (Հունգարիա) և  Ջոն Քոնոր (Իռլանդիա)։ WPTA-ի կազմակերպած ամենակարևոր ու արդյունավետ իրադարձություներից մեկը դաշնամուրային համաշխարհային կոնֆերանսն է (WPC), միջոցառում, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, որտեղ բազմաթիվ նշանավոր դաշնակահարներ, մանկավարժներ ու պրոֆեսորներ ոչ միայն ներկայանում են իրենց մասնագիտական ուսումնասիրություններով, այլև հանդես գալիս դաշնամուրային, կամերային և նվագախմբի հետ համերգներով: WPC-ի կարևորագույն գործառույթներից մեկը երիտասարդ տաղանդներին ներգրավումն է միջազգային այս հարթակում, որոնք հետագայում դառնում են միջազգային անվանի  դաշնակահարներ։ WPC-ն դարձել է հանդիպման անփոխարինելի առիթ դասական երաժշտության բոլոր ազդեցիկ գործիչների համար։ Այստեղից տարածվում են նորանոր գաղափարներ, այստեղ ծնվում և զարգանում են համաշխարհային նոր դեմքեր։  WPTA IPC-ն մեծ հաջողություն է գրանցել միջազգային մրցութային ասպարեզում իր յուրահատուկ հայեցակարգի շնորհիվ, որն ամբողջությամբ նվիրված է երիտասարդ և գալիք դաշնակահարներին աջակցելուն:

Իր խոսքը եզրափակելով՝ Առուշանյանն ասում է. «Այս ասոցիացան կարևոր ձեռքբերում է դասական երաժշտության տարածման ու հանրայնացման գործում։ Այն նաև դաշնակահար-մանկավարժների որակավորման, վերապատրաստման բացառիկ միջազգային հարթակ է: WPTA-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահությունը ստանձնելը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել