Արտգործնախարարության «դեմքին թռնելը» սովորական գործ է դարձել հայ հանրության համար, որովհետև այս ինստիտուտը սովորաբար աշխատում է ավելի շատ կուլիսներում, քան հրապարակներում։ Նախարար Նալբանդյանին հասել է քննադատության հերթական չափաբաժինը, որովհետև վերջինս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանը քննարկում է ազատագրված տարածքներից մի որոշ մաս Ադրբեջանին հետ տալու հարցը, այնպիսի տարածքներ, որոնք Արցախի անվտանգության համար էական սպառնալիք չեն։ Միանգամից Լինչի դատաստանի ենթարկեցին նախարարին, քանի որ վերջինս փորձել է խոսել տարածքների վերադարձից։ Սակայն այդ նույն մարդիկ չեն խոսում նաև այն մասին, որ Նալբանդյանը շատ հստակ հայտարարել է՝ եթե հանկարծ Ադրբեջանը փորձի պատերազմ սանձազերծել, Հայաստանն անմիջապես կճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչը միանգամից վերջ կդնի բանակցություններին ու լայնածավալ գործողությունների սկիզբ կհանդիսանա։ Կամ կարելի է մտածել՝ հայկական կողմն առաջին անգամ է խոսել տարածքների վերադարձից՝ ԼՂՀ կարգավիճակի հստակեցման դիմաց։ Այստեղ ես կուզեի ուշադրություն դարձնել ավելի նուրբ կետի, որը հայկական վերլուծական միտքը ոչ մի կերպ չի նկատում կամ չի էլ ուզում նկատել։ Իսկ ի՞նչ պարտավորություն է ստանձնել Ադրբեջանը, եթե Նալբանդյանը նման հայտարարություն է անում։ Միգուցե այնպիսի բան, որ մինչ այդ երկրի ղեկավարությունը չէ՞ր ասում։ Այ սրա մասին արժե մտածել, որովհետև չխոսել նման երևույթի մասին, նշանակում է դիտավորյալ խեղաթյուրել իրականությունը։ Իսկ Նալբանդյանը, մեծ հաշվով, ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասել են թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ հասարակությունը. տարածքների վերադարձ կլինի այն ժամանակ, երբ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ կողմերը հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=281279562374983&id=100014788247740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել