Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալման և Իսրայելին արտահանձնման հետ կապված պատմությունը լրիվ այլ ուղով գնաց, որին քչերն էին սպասում:
Ադրբեջանա-բելառուսական ներկայացումը, որը սկսվեց Լապշինի շուրջ անցյալ տարվա դեկտեմբերին, ավարտվեց Բաքվի խայտառակ պարտությամբ: Բաքվի և Մինսկի բռնապետերի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախ այցելած և Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում» իր արժանի տեղը զբաղեցրած հայտնի բլոգերը շատ շուտով հայտնվեց Բաքվի բանտում: «Լապշին շոուն» Իլհամ Ալիևը կազմակերպեց մեկ նպատակով՝ վախեցնել և ահաբեկել Արցախ այցելողներին: Ադրբեջանում սարսափելի անհանգստացած են դեպի Արցախ օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ ուղևորություններից, հատկապես, երբ դրանց մեջ են աշխարհահռչակ դեմքեր: Ինչո՞ւ ապշերոնյան բռնապետն ընտրեց հենց Լապշինին որպես քավության նոխազ: Պատասխանը շատ պարզ էր: Լապշինը ոչ միայն այցելել էր Արցախ, այլև, Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» գտնվելով, այցելել էր Ադրբեջան և այդ մասին հեգնել էր իր գրառումներում: Բաքվում կատաղել էին այդ հանգամանքից:
Սակայն Լապշինի՝ Բաքվին արտահանձնելուց հետո Իլհամ Ալիևի վարչակազմում հասկացան, որ իրենց ծրագրերը ձախողված են: Դրանից հետո այս տարվա մարտին Արցախ են այցելում հայտնի լրագրողներ և բլոգերներ, որոնց մեջ էր նաև «Ռունետի հայր» Անտոն Նոսիկը: Սա ապտակ էր պաշտոնական Բաքվին:
Շուտով Իլհամ Ալիևը որոշեց այլ տեղում օգտագործել Լապշինին: Ադրբեջանը փորձեր կատարեց Մոսկվային հասկացնել, որ մեծ ուրախությամբ կփոխանակի ՌԴ քաղաքացի Լապշինին Շուշիի բանտում իր պատիժը կրող «քարվաճառյան մարդասպաններից» մեկի՝ ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի հետ: Մոսկվայում հավատարմագրված ադրբեջանական ԶԼՄ-ների սեփական թղթակիցները ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարի Զախարովային ուղղակի ահաբեկում էին Ասկերովի մասին հարցերով, որին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց կոշտ պատասխանով՝ հասկացնելով Բաքվին, որ Մոսկվայում շատ լավ տեղյակ են, թե իրենց քաղաքացի Ասկերովը ում շահերը պաշտպանելու համար է հայտնվել Արցախում: Իսկ Լապշինի դատավարության վերջին օրը, երբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթերցում էին Ալեքսանդրի դատավճիռը, մի խումբ փնթի ցուցարարներ վանկարկում էին. «Լապշինին փոխանակեք Ասկերովով»: Ցուցարար կոչվածների վանկարկումներն ամբողջությամբ բացահայտեցին Բաքվի նպատակները: Սակայն այստեղ էլ Բաքուն պարտություն կրեց: Երևանն այդ հարցում անդրդվելի է:
Այն բանից հետո, երբ իսրայելական մամուլը բացահայտեց Ադրբեջանի և իսրայելական Aeronautics Defense Systems-ի աղմակահարույց պատմությունը, երբ հրեա օպերատորները հրաժարվել էին ԱԹՍ-ն ուղղել հայկական դիրքերի վրա, որի արդյունքում Թել-Ավիվն արգելել է վերը նշված ընկերությանը Բաքվին ԱԹՍ-ներ վաճառել, պաշտոնական այցով շուտափույթ Իսրայել ժամանած Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը որպես «բարի կամքի դրսևորում» և նվեր Թել-Ավիվ է իր հետ «բերում» Բաքվում բանտարկված Լապշինին: Նպատակը մեկն է՝ Բաքվի նվերի դիմաց «ռեինկարնացիայի» ենթարկել ԱԹՍ-ների գնման չեղարկված գործարքը:
Սակայն Իսրայելում չեն սիրում, երբ որևէ մեկն իրենց շանտաժում է իր «լավություններով»: Հենց պաշտոնական Թել-Ավիվի թույլտվությամբ էլ Լապշինն այսօր բացեց իր բերանը՝ տարրական խայտառակելով Իլհամ Ալիևի վարչակարգին և արդեն որպես օտարերկրացի բացահայտելով մի բան, որի մասին մենք վաղուց գիտենք՝ կենդանական հայատյացությունը, որն աննկարագրելի մասշտաբների է հասել Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին Լապշինի հրապարակած երեք գրառումները բավական սկանդալային են և աղմկահարույց:
Լապշինի «անկեղծություններով» Իսրայելը նաև հասկացրեց բոլորին, որ իր քաղաքացու անձեռնմխելիության համար պատրաստ է պատժել բոլորին, նույնիսկ իր «մտերիմ» Ադրբեջանին, ով հանդգնել էր հրեական պետության քաղաքացուն դարձնել «առք ու վաճառքի» առարկա:
Բաքուն, Լապշինին ձերբակալելով, չհասավ իր ոչ մի նպատակին: Ա.Լապշինի ձերբակալությունը և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեծ հարված են Ադրբեջանի համար, ավելի մեծ, քան Հակոբ Ինջիղուլյանի և դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ կապված պատմությունները, որոնք ևս տապալվեցին այն կազմակերպողների կողմից: Ինչպես ասում են, «սա Ալիևի finita la commedia-ն է», այսինքն՝ Ադրբեջանի բռնապետի համար ներկայացումն ավարտված է: Սկսվել է այդ ձախողված ներկայացման դառը պտուղների համտեսումը, որը և սկուտեղի վրա Բաքվին է մատուցում Լապշինը:
Հ.Գ. Տեսնես այսքան ձախողումներից և խայտառակվելուց հետո Իլհամ Ալիևը նոր հիմարություն կրկին կձեռնարկի՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել