Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևը հայտարարել է, որ կիրիլիցան խեղաթյուրում է ղազախերենը.
«Ղազախերենում չկան щ, ю, я, ь տառերը։ Դրանք օգտագործելով՝ մենք խեղաթյուրում ենք ղազախերենը, որի պատճառով էլ անցնում ենք լատինատառ այբուբենին»։
Հիշեցմեմ, որ Ղազախստանի իշխանությունները վերջերս են որոշում կայացրել անցնել լատինատառ այբուբենին։ Դպրոցներում այն կսկսվի դասավանդվել 2022թ.-ից։
Հետաքրքիր է, տեսնես Ռուսաստանում ինչո՞ւ հիստերիա չեն բարձրացնում Նազարբաևի այս որոշման կապակցությամբ։ Մինչև Ղազախստանը խորհրդային հանրապետություններից Ադրբեջանն է առաջինը հրաժարվել կիրիլիցայից։
Այս երկու հանրապետություններում, բացի նրանից, որ էթնիկ մեծամասնության այբուբենն է եղել կիրիլիցայով, ԽՍՀՄ տարիներին ռուսները ևս մեծ թիվ են կազմել։ Օրինակ՝ Ադրբեջանում մինչև 1990 թ.-ը ռուսների թիվը 500 հազարից ավել է եղել, իսկ հիմա նրանց թիվը չի գերազանցում 100 հազարը։ Ղազախստանում մինչև ԽՍՀՄ փլուզումը ռուսները կազմել են բնակչության 50%-ից ավել։ Իսկ վերջին մարդահամարի տվյալներով՝ Ղազախստանի բնակչության ընդամենը 24%-ն է ռուս։ Սակայն ՌԴ-ում չեն ցանկանում անդրադառնալ այս հարցերին։
Մոսկվայում շատ հիացած են պաշտոնական Բաքվի «ռուսոֆիլ» քաղաքականությունից։ Անտեղյակ և շատ դեպքերում ծախու ռուս գործիչները 30 արծաթի դիմաց դիֆիրամբներ են երգում Ալիևների ռուսասիրության մասին։ Ոչ ոք չի հարցնում ազերի ռուսասերներին, թե ինչ տեղի ունեցավ 1990թ.-ի հունվարին Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում։ Իսկ իրականությունն այն է, որ հայերի ջարդերի հետ մեկտեղ ազերիները հաշվեհարդար տեսան նաև ռուսներից, սակայն Մոսկվայում չեն սիրում անդրադառնալ այդ հարցերին։
Հ.Գ. Մոսկվան լավ կլինի՝ Բաքվին և Աստանային պարտադրի ռուսերենը հռչակել պաշտոնական լեզու իրենց երկրներում և թույլ չտա, որ իր ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գործընկեր Նազարբաևը այսպիսի բացահայտ հակառուսական քայլեր կատարի, թե՞ ուժը պատում է Հայաստանի վրա, որտեղ ռուսները չնչին թիվ են կազմում, և մեզ ինչ-որ անհեթեթ բաներ պարտադրելով՝ ինքնահաստատվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել