Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ու պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը վերջերս այցելել են Հոլանյան բարձրունքներ։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը` Հզբոլահի հետ միասին փորձում են այս շրջաններում ստեղծել «հյուսիսային առանցք»` Իսրայելին հյուսիսից շրջապատելու համար։
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում մշտական ներկայություն ստեղծել Սիրիայում ու Լիբանանում` ԻՊ–ին ջախջախելուց հետո։
Թեհրանը տասնամյակներ շարունակ` հատկապես Իրաքում Սադդամ Հուսեյնի տապալումից հետո, ակտիվացրել է իր քաղաքականությունը «շիական առանցք»` Իրան–Իրաք–Սիրիա–Լիբանան ձևավորելու և այն Իսրայելի ու տարածաշրջանային մրցակիցների դեմ (Սաուդյան Արաբիա և այլն) օգտագործելու համար։ Սակայն Իրանը մինչև սիրիական քաղաքացիական պատերազմը ռազմական ներկայություն չի ունեցել Սիրիայում` միայն խորհրդականների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մակարդակով` Ասադին փրկելու համար զորքեր, հատուկ ստորաբաժանումներ և շիական ջոկատներ ուղարկելը պարտադրված քայլ էր։
Իրանին ձեռնտու է ոչ թե սեփական զինված ուժերի առկայությունը Սիրիայում (մանավանդ ռուսական զորքերն այնտեղ արդեն ներկա են և Մոսկվան դեմ կլինի Իրանի ռազմական ներկայությանը` երկարաժամկետ կամ մշտական հիմունքներով) այլ Թեհրանին ձեռնտու է Ասադի և նրա կլանի ձեռքում իշխանության պահպանումը` միացյալ և ուժեղ Սիրիան, որը կարող է ինքնուրույն դիմակայել Իսրայելին ու սպառնալ Իսրայելին հյուսիսից։ Իրանը հասկանում է, որ իրանական մշտական ներկայությունը Սիրիայում կարող է casus belli–ի պատճառ դառնալ և Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի և կհարվածի իրանական ուժերին` դա կհանգեցնի Իսրայել–Իրան ուղղակի առճակատմանն ու ուղիղ պատերազմի։
Ինչ վերաբերվում է Հզբոլահին, ապա Իրանին այդ ուժն անհրաժեշտ է հենց Լիբանանում` շիական շահերն առաջ տանելու համար` Հզբոլահը Սիրիա է մտել Ասադին փրկելու համար և իրենց առաքելությունն ավարտելուց հետո նրանք կվերադառնան Լիբանան։ Իրանին ձեռնտու է, որ Հզբոլահը` հյուսիսից (Լիբանանի հարավից) սպառնա Իսրայելին, որպես ազդեցության լծակի հրեական պետության դեմ։
Ինչ վերաբերվում է Իսրայելին, ապա այդ երկիրն ունի հզոր բանակ և լայն հնարավորություններ Լիբանան–Սիրիա ուղղությամբ գործողություններ ծավալելու և իրենց համար Իսրայելի հյուսիսում «բուֆերային գոտի» կամ անվտանգության գոտի ստեղծելու համար` մի քանի տասնյակ կմ խորությամբ, սակայն դա իր հերթին թուլացնելու է ասադական ուժերին, որոնք պայքարում են ԻՊ–ի ու այլ իսլամիստական խմբերի դեմ (դա ձեռնտու չէ Իսրայելին)։ Իսրայելին ձեռնտու է թուլացած, կազմաքանված Սիրիա, որը հավակնություն չի ունենա Հոլանյան բարձրունքների նկատմամբ, սակայն նրա տարածքում չպետք է լինի Իրանի ռազմական ներկայություն։
Ինչ վերաբերվում է Հզբոլահին, ապա այդ կազմակերպությունը թուլացել է Սիրիայում. նրա ամենամարտունակ ուժերը պայքարել են ԻՊ–ի դեմ ու մեծ զոհեր տվել: Իսրայելին ձեռնտու է Հզբոհալի թուլացումն ու սիրիական պատերազմի շարունակությունն` առանց Իրանի ռազմական մշտական ներկայության ամրապնդման։