Իսրայելի ՊՆ–ն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին է տրամադրվել արդիականացված, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված մարտավարական անօդաչու Hermes 900–ը, որն արտադրվել է Elbit Systems–ի կողմից։
Իսրայելական ԶԼՄ–ների տվյալներով, Hermes 900–ի առաջին գնորդներից է լինելու Ադրբեջանը։
Նոր անօդաչուն ունի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կարողանում է առցանց ռեժիմով տեղակատվություն տրամադրել։
Hermes 900 կարողանում է երկար ժամանակ գտնվել օդում և նախատեսված է հետախուզության համար, բացի այդ, այն կարելի է զինել նաև հարվածային միջոցներով։
Նշենք, որ Ադրբեջանում սկսվել է տեղական արտադրության “Zərbə” անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասայական արտադրությունը։ 2017թ.-ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։
Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում(корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։
Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը` Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային`օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն` Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։
ՊԲ–ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։
Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե′ կործանիչ ավիացիան, թե′ մարդկային գործոնը բացառել` կործանիչի խոցումը բերելու է կամ անձնակազմի կորստին կամ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե′ ռազմական, թե′ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։