Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց Արգենտինայի ռազմական բռնապետ Խորխե Վիդելայի մասին: Այս անգամ կխոսենք կոմունիստ բռնապետերից մեկի՝ Ֆիդել Կաստրոյի մասին:
Մարդ, ով տխրահռչակ Չե Գևարայի և մնացած համախոհների հետ զենքի ուժով իշխանության գալով Կուբայում հաստատեց 20-րդ դարի ամենաանմարդկային ռեժիմներից մեկը: Առանց այդ էլ զենքի ուժով իշխանության եկած մեկ այլ բռնապետ Բատիստայի ռեժիմի ժամանակ վատ վիճակում գտնվող Կուբան ուղղակի դժոխքի էր վերածվել: Կաստրոյի կոմունիստական ռեժիմի ժամանակ երկրում սկսել են գործել համակենտրոնացման ճամբարներ, որոնք կոչվել են «UMAP»-ներ: Տարբեր տվյալներով՝ Կուբայում Կաստրոյի ռեժիմի ժամանակ համակենտրոնացման ճամբարների կալանավորների թիվն անցնում էր 100 հազարը, իսկ գնդակահարվածների թիվը հասնում էր 15-17 հազարի:
Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ. օգոստոսի 13-ին կուբական Բիրան քաղաքում: Դեռևս փոքր տարիքից Ֆիդելն աչքի է ընկել փայլուն հիշողությամբ: Ժամանակի ընթացքում սկսել է փայլուն առաջադիմություն ցուցաբերել և դարձել է դպրոցի լավագույն աշակերտը: Տասներեք տարեկանից սկսած մասնակցել է իր հոր աշխատանքի վայրում ծագած գործադուլներին: 1941թ. Կուբայի ապագա բռնապետն ավարտել է դպրոցը և ընդունվել տեղական հոգևոր ուսումնարաններից մեկը: Այդտեղ Կաստրոն համարվում էր ամենակռվարար տղաներից մեկը:
1945թ. նա ընունվել է իրավաբանական համալսարան: Համալսարանական տարիներին Կաստրոն ուղղակիորեն տարվել է հեղափոխական գրականության ընթերցանութամբ: Նա համակրում էր կոմունիստներին և նշում էր, որ կարող է մուտք գործել վերջիններիս շարքեր, եթե իրեն «դարձնեն Ստալին»: Կաստրոն ամուսնացել է Միրթե Դիաս Բալյարդի հետ:
1950թ. Կաստրոն արդեն իրավաբան էր և սկսել էր իրավաբանական խորհրդատվություն տրամադրել մարդկանց: Ընդորում, այդ օգնությունը տրամադրվում էր անվճար հիմունքներով: Նա ամեն կերպ քննադատում էր Ռամոն Գրաոյի և հետագայում նաև Սոկարասի իշխանությունը: Այդ իսկ պատճառով բազմաթիվ կուբացիներ համակրանքով էին լցված ապագա բռնապետի հանդեպ:
Հետագայում Կաստրոն համալրեց «Կուբայի ժողովրդի կուսակցության» շարքերը: 1952թ. մարտի 11-ին Կուբայում ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկավ Ֆուլխենսիո Բատիստան: Հարկ է նշել, որ Բատիստան 1940-44թթ. արդեն իսկ զբաղեցրել էր նախագահի պաշտոնը: Կուբայում փաստացի տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում: Իհարկե, Բատիստայի ռեժիմը որևէ կերպ չթեթևացրեց կուբացիների վիճակը, սակայն հետագան ցույց տվեց, որ կրկին զենքի ուժով մի քանի տարվա պայքարից հետո ստեղծված կաստրոյական ռեժիմն էլ ավելի վատացրեց վիճակը:
Բատիստայի իշխանության գալուց հետո Կաստրոն ստեղծեց «100-ամյակի սերունդ» շարժումը, որը պետք է կազմակերպեր Բատիստայի ռեժիմի ապամոնտաժումը: 1953թ. հուլիսի 26-ին Կաստրոյի և իր համախոհների կողմից փորձ արվեց գրավել Մոնկադայում գտնվող ռազմական զորանոցները: Նպատակը զորանոցներից զենքի առգրավվումն էր, որպեսզի զինված գործողությունները հաջող ընթացք ունենային: Գործողությունն անհաջողության մատնվեց: Շատերը սպանվեցին, իսկ Կաստրոն դատապարտվեց 15 տարվա կալանքի: Բանտարկության ժամանակաշրջանում Կաստրոն իր խումբը սկսեց կոչել «Հուլիսի 26»-ի շարժում: Հետագայում 1955թ. Կաստրոն համաներման միջոցով ազատ արձակվեց: Բանտում անցկացրած ժամանակ նա ամուսնալուծվեց: Ազատ արձակվելուց հետո Կաստրոն մեկնեց Մեքսիկա, որտեղ հանդիպեց ապագա ռեժիմի մյուս ամենահայտնի պարագլխին՝ Էռնեստո Չե Գևարային: 1956թ. նա Չե Գևարայի, Ռաուլ Կաստրոյի և մի խումբ զինյալների հետ վերադարձավ Կուբա: Զորախումբն ապաստանեց Սիերրա-Մաեստրայի լեռներում և սկսեց պարտիզանական պայքար տանել: Զինված պայքարի ընթացքում Բատիստան փորձում էր արմատապես ճնշել պայքարի օջախները, սակայն դեպի լեռներ ուղարկվող ջոկատները կա՛մ սպանվում էին, կա՛մ անցնում զինյալների կողմը: Այդ ընթացքում Կաստրոյի զինված խմբերին սկսեցին անդամակցել նաև գյուղացիներ, ովքեր դժգոհ էին Բատիստայի հողային ռեֆորմներից: 1958թ. մի քանի հազար զինվոր անցան զինյալների կողմը: Մեկ տարի անց՝ 1959թ. հունվարի սկզբին, զորքը գրավեց մայրաքաղաք Հավանան: Ստեղծվեց նոր կառավարություն, որի նախագահը Մանուել Ուրրուտիան էր, իսկ վարչապետը Միրո Կարդոնան: Կաստրոն դարձավ զինվորական նախարար, ով այդ շրջանում արդեն իսկ ձգտում էր ամբողջական իշխանության: Հարկ է նշել, որ Կաստրոն 1957թ. իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «Իշխանությունն ինձ չի հետաքրքրում և հաղթանակից հետո ես կվերադառնամ իմ գյուղ և կշարունակեմ զբաղվել փաստաբանական գործունեությամբ»: Իրականում, ինչպես զենքի ուժով իշխանության եկած ցանկացած բռնապետի, այնպես էլ Կաստրոյի պարագայում տված խոստումներն իրականության հետ որևէ առնչություն չունեին:
Ընդհանրապես, Կաստրոյի իշխանության ժամանակաշրջանում գործող սկզբունքներից մեկն իր կողմից հրապարակված հետևյալ եզրույթն էր. «Հեղափոխական արդարությունը հիմնվում է, ոչ թե իրավական կարգավորումների, այլ բարոյականության սկզբունքների վրա»: Հետագայում Կաստրոն կարողացավ հեռացնել առաջին կառավարության ներկայացուցիչներին և զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Բարձր պաշտոն զբաղեցնելուց հետո Կաստրոն չեղարկեց ամռանը նախատեսված ազատ ընտրությունների անցկացման որոշումը: Այդ խոստումը պետք է իրականացվեր իշխանության գալուց հետո 18 ամիսների ընթացքում: Ժողովրդին ուղղված իր ուղերձում նա նշել էր. «Ընտրություննե՞ր: Իսկ ինչու՞ են դրանք անհրաժեշտ»: Այսպիսով սրանով իսկ պարզ էր դառնում, որ առարկայական փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող և զենքի ուժով ստեղծված Բատիստայի ռեժիմին փոխարինելու է կրկին զենքի ուժով ստեղծված մեկ այլ ավելի սարսափելի ռեժիմ, որը Կուբայում արմատական բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդի վիճակը թեթևացնելու որևէ նկրտում չունի: Ավելին, Կաստրոն կասեցնում է երկրում գործող սահմանադրությունը և երկրի կառավարումը մինչ 1976թ. իրականացվում է հատուկ դեկրետներով: Երկրում ընդունվում են N 54 և N 53 օրենքները, որոնք խստորեն սահմանափակում էին մարդու իրավունքները: Բնականաբար, ինչպես զենքի ուժով իշխանության եկած ցանկացած իշխանություն, այնպես էլ Կուբայի նոր իշխանությունները խոսք էին տվել իրավիճակի փոփոխմանն ուղղված արմատական բարեփոխումներ անել: Բնականաբար, դրանք խոստումներ էին օդի մեջ: Երկրում ստեղծվեց միակուսակցական համակարգ, որը հարյուր հազարավոր մարդկանց ուղղակի բռնաճնշումների ենթարկեց:
Իշխանությունն այդ շրջանում պետականացրեց բոլոր կորպորացիաները և գործարանները: Անցում էր կատարվում դեպի պլանային տնտեսություն: Ավելորդ է նշել, որ կաստրոյական ռեժիմն ուղղակի մահապատժի ենթարկեց Բատիստայի ռեժիմի շուրջ 600 ներկայացուցիչների: Վհուկների որսը լայն թափ էր հավաքում, և տեղի ունեցող գործընթացը որևէ աղերս չուներ արմատական բարեփոխումների կամ ժողովրդավարացման հետ: Երկրում ստեղծվել էին արտակարգ դատարաններ, որոնց գործառույթը ռեժիմին ոչ ձեռնտու մարդկանց վերաբերյալ արագացված կարգով դատական որոշումներ կայացնելն էր: 1959թ. նախագահի պաշտոնից հեռացավ Մանուել Ուրրուտիան:
Նոր իշխանության մեջ զտումները շարունակվում էին: Հետագայում իր պաշտոնին հրաժեշտ տվեց երկրի արտգործնախարարը: 1960-ականներին ստեղծվեցին համակենտրոնացման ճամբարները, որոնք կոչվում էին «UMAP»: Նրանց դարպասներին փակցված էին լինում «Աշխատանքը ձեզ մարդ կդարձնի» լոզունգները: Իրականում, այս թվացյալ բարի կարգախոսի հետևում թաքնված էին կուբայական ճամբարների սարսափները: Հարկ է նշել, որ 3-րդ ռեյխի ժամանակ Օսվենցիմի դարպասներին նույնպես գրված էր նմանատիպ «բարի» կարգախոս այն է՝ «Աշխատանքն ազատում է»: Կուբայական համակենտրոնացման ճամբարներում հարյուր հազարավոր մարդիկ են եղել: Ինչպես նշվեց՝ Կաստրոյի գործունեության ընթացքում իր ուրույն դերն է ունեցել Էռնեստո Չե Գևարան: Շատերն են այս մարդու դիմանկարով շապիկներ կրում և համարում «հերոս»: Իրականում, Չե Գևարայի կերպարը բնորոշելու համար բավական է նշել նրա ամենահայտնի արտահայտություններից մեկը՝ «Մարդուն գնդակահարության ուղարկելու համար դատարան անհրաժեշտ չէ: Դատարանը բուրժուազիայի անցյալի նմուշ է: Հեղափոխականը սպանությունների համար նախատեսված սառնասիրտ մեքենա պետք է լինի, ով պիտի ուղղորդվի մաքուր ատելությամբ»: Հատկանշական է, որ Կաստրոյի ռեժիմի ժամանակ գնդակահարությունները ոչ միայն կատարվում էին գաղտնի բանտերում, այլև դրանք շատ հաճախ հրապարակային բնույթ էին կրում:
1959թ. հունվարի 12-ին դատավարություն տեղի ունեցավ Բատիստայի ռեժիմի 72 ոստիկանների մասնակցությամբ: Հատկանշական է, որ երբ փաստաբանը սկսեց ներկայացնել իր պաշտպանների շահերը, այդ պահին Ռաուլ Կաստրոն բացականչեց, որ «եթե մեկը մեղավոր է, ապա մեղավոր են բոլորը»: Արդյունքում, 72 ոստիկան մահապատժի ենթարկվեց: Ընդհանրապես բոլոր մեղադրյալները զրկվում էին տարատեսակ իրավական աջակցությունից: Այդ ամենը տեղի էր ունենում «Պարտիզանական օրենքի» ընդունումից հետո: Մեղադրական հայցը համարվում էր հանցանքի «անառարկելի ապացույց», իսկ փաստաբանը լոկ նրա համար էր, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ մեղմ վերաբերմունք խնդրի: Դատարանների նկատմամբ ճնշումներն անսահմանափակ էին: 1959թ. մարտի 3-ին դատարանն անմեղ ճանաչեց 44 օդաչուների, ովքեր իբր թե «ռազմական հանցագործություններ» էին կատարել: Այս դեպքից հետո Կաստրոն ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և հայտարարեց, որ դատարանը սխալ որոշում է կայացրել: Կարճ ժամանակ անց դատավորը մահացած հայտնաբերվեց: Հավանայի Լա-Կաբանյա բանտում իրականացվող մահապատիժներն անձամբ գտնվում էին Չե Գևարայի վերահսկողության տակ:
1960-ականներին Կարիբյան ճգնաժամին զուգընթաց երկրում ռեժիմը սաստկացրեց ռեպրեսիաները: Տարբեր տվյալներով` այդ շրջանում 7-10 հազար մարդ գնդակահարվել է: Պատմաբան Հյու Թոմասի վկայություններով` 1961թ. գնդակահարվածների թիվը հասել է 2000-ի, իսկ 1970 թվականին այն կազմել է 5000: Հետաքրքիր է, որ ռեժիմի քաղաքական հալածյալների թվում էին հակաբատիստական ուղղվածություն ունեցած «Հուլիսի 26-ի շարժման» բազմաթիվ ներկայացուցիչներ: Պինոս կղզում գտնվող ճամբարներում մարդկանց ստիպում էին խոտը քաղել ատամներով կամ էլ մարդկանց մի քանի ժամ փոսերում էին պահում: Երկրում վերահսկողություն էր սահմանված բոլոր բնագավառներում՝ անգամ մշակութային: Երաժշտության ոլորտում արգելված էր ռոքնռոլը: 1965թ. անձամբ Կաստրոն ընդունել է երկրում 20 հազար քաղբանտարկյալների առկայության փաստը:
1965թ. Կաստրոն զբաղեցնում էր Կուբայի կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնը: 1976թ. նա դարձավ Հանրապետական խորհրդի ներկայացուցիչ: Կաստրոյական ռեժիմն արտաքին քաղաքականության համատեքստում լրջագույն խնդիրներ ուներ ԱՄՆ-ի հետ: Այդ ամենն առարկայական դրսևորում ունեցավ Կարիբյան ճգնաժամի ժամանակ, երբ Կուբայում տեղակայվեցին խորհրդային հրթիռային համակարգերը: 1997թ. ռեժիմը հալածանքների նոր փուլ սկսեց: Միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալներով՝ քաղբանտարկյալների թիվը հասնում էր 2500-ի: Ընդհանրապես, Կաստրոյի ռեժիմը գոյատևում էր ԽՍՀՄ կողմից տարատեսակ օգնությունների միջոցով: «Չարիքի կայսրության» փլուզումից հետո Կուբայում վիճակը շեշտակիորեն վատացավ: Մարդիկ սովամահ էին լինում: Պատմաբանների տվյալներով՝ Կուբան ունեցել է արևմտյան կիսագնդում ամենաշատ քաղբանտարկյալները: Տարբեր տվյալների համաձայն՝ Կաստրոյի ռեժիմը մինչև 17 հազար մարդ է գնդակահարության ենթարկել: Ֆիդել Կաստրոն իր գործունեության ժամանակ մահափորձերի է ենթարկվել: 2000-ականներին նա առողջական խնդիրների պատճառով իշխանությունը փոխանցեց եղբորը՝ Ռաուլին: 2016թ. նոյեմբերի 26-ին Կաստրոն մահացավ՝ այդպես էլ պատասխան չտալով մարդկության հանդեպ իր կատարած հանցագործությունների համար: Խոսելով Կաստրոյի ղեկավարման շրջանի մասին՝ շատերը նշում են Կուբայի, այսպես կոչված, զարգացվածության կամ առաջընթացի մասին: Իրականում, Կաստրոյական ռեժիմի կամ «Կուբայական սոցիալիզմի» «զարգացվածության» դեմքը Ֆիդել Կաստրոյի հուղարկավորության ժամանակ տեղի ուեցած միջադեպն էր, երբ վերջինիս մարմինը տեղափոխող՝ խորհրդային արտադրության ՈՒԱԶ-ը ճանապարհին շարքից դուրս եկավ և զինվորները բրդելով առաջ տարան մեքենան: Եվ այդ ամենը 21-րդ դարում:
Դավիթ Ֆիդանյան