«Ժառանգությունը» նորանկախ Հայաստանի պատմության մեջ լուրջ հավակնություններ ունի դառնալու ամենաառեղծվածային կուսակցությունը։ Բանն այն է, որ վերջին երեք օրերին կուսակցությունը 67 հակասական կարծիք է հրապարակել։ Երեք օր առաջ «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը կայքերից մեկի հետ զրույցում տեղեկացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և Արմեն Մարտիրոսյանը հանդիպումներ են ունենում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Երկու օր առաջ, սակայն, Մուրադյանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին Արևմտյան Հայաստանում է, ՕՐՕ դաշինքի մյուս առաջնորդ Վարդան Օսկանյանը ՀՀ-ում չէ, իսկ Արմեն Մարտիրոսյանն էլ վայելում է արձակուրդը։
Երբ հազիվ փորձ էր արվում հասկանալ, թե այս լաբիրինթում ով ում բարեկամն է, լրահոսում հայտնվեց հերթական «հարվածը»։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Գևորգ Ղահրամյանը տեղեկացրել է, որ կուսակցության անդամներն այս օրերին ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, որպեսզի սեպտեմբերից սկսեն փողոցային պայքարը։ Երկու օր է, ինչ մի կառույցում չեն կարողանում ճշտել՝ էդ մարդը, վերջապես, Հայաստանո՞ւմ է, թե՞ Հայաստանից դուրս, հանդիպո՞ւմ է, թե՞ հանգստանում։ Ո՞ւմ հետ է բանակցում «Ժառանգության» վերնախավը, եթե արձակուրդում են։
Երկու օր է՝ կուսակցությունները հերթով հերքում են տեղեկությունն ու պնդում, որ Րաֆֆին իրենց հետ չի զրուցել։ Միգուցե Րաֆֆին քննարկումներ է տանում Աֆրիկական պետություններից Մավրիտիուսի կամ Մալավիի ընդդիմադիր կառույցների հետ, օրինակ՝ Կիլիկիայի թագավորության պատմական սահմանները վերականգնելու համար (ի դեպ, բնավ անսպասելի չէ), չգիտենք, բայց ակնհայտ է այն, որ այս կառույցում մի ձեռքը չգիտի, թե երկրորդը որտեղ է և ինչով է զբաղվում։
Ու հետաքրքիրն այն է, որ Սուսաննա Մուրադյանն այնպիսի ոգևորությամբ է հերքում իր կողմից տարածված տեղեկությունը, որ Գևորգ Ղահրամյանի խոսքերն ակամայից կասկածի տակ են դրվում։ Ինչևէ, սպասենք կուսակցության թվով 4-րդ և 5-րդ հերքմանը։
Ինչ վերաբերում է հնարավոր փողոցային պայքարին, ապա այստեղ նույնպես ամեն ինչ հեշտ չէ։ Ճիշտ է, դեռ վաղ է խոսել «Ժառանգության» կողմից նախաձեռնվելիք թավշյա հեղափոխության ու փողոցային պայքարների մասին, բայց ակնհայտ է, թե դրա ճակատագիրն ինչ է լինելու. Րաֆֆին կա՛մ մեկնելու է ծնողների մոտ, կա՛մ էլ եկեղեցի։ Մարդ ուղղակի ապշում է Րաֆֆու չնահանջող «լուզերությունից»։ Այսքան «պռավալներից» ու հուսահատության ալիք բարձրացնելուց հետո մարդ առնվազն աներես պետք է լինի, որ շարժում նախաձեռնի։