Այսօր այցով Աբխազիա է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այցի օրը պատահական չէ։ 2008 թ․-ի օգոստոսի 8-ին Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա, որի հետևանքները ծայրահեղ ծանր էին Վրաստանի համար։ Հնգօրյա պատերազմում Վրաստանը կորցրեց նաև այն տարածքները Հարավային Օսիայում և Աբխազիայում՝ Կոդորիի կիրճը, որոնք միշտ եղել էին Թբիլիսիի վերահսկողության տակ նույնիսկ այդ երկու ինքնավար հանրապետությունների՝ Վրաստանի կազմից դուրս գալուց հետո։
Բավական բարդ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական իրավիճակում ՌԴ նախագահի այցը Աբխազիա մի քանի նպատակներ է հետապնդում.
1. Ռուսաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն աբխազական հարցում և ցույց է տալիս Թբիլիսիին, որ դրանից չի հրաժարվում. Աբխազիան Մոսկվայի համար Թբիլիսիի վերահսկողությունից դուրս եկած երկրամաս է, որը հիմա գրեթե վերահսկվում է Ռուսաստանի կողմից և որի անվտանգության պատասխանատուն ՌԴ-ն է։
2. Պուտինի այցն Աբխազիա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի՝ հուլիսի 31-ին Թբիլիսի այցելելու պատասխանն է։ ՌԴ-ն ցույց է տալիս ԱՄՆ-ին, որ չի հրաժարվելու իր հարավկովկասյան նկրտումներից, որոնց մեջ կարևոր դերակատարություն ունի նաև Աբխազիան։
3. Պուտինը տեղում է ցանկանում ծանոթանալ իրավիճակին Աբխազիայում, որը բավական սրվել է։ Գուդաութայի շրջանի Պրիմորսկոյե գյուղում օգոստոսի 2-ին տեղի ունեցած զինապահեստի պայթյունը և վերջին շրջանում Աբխազիայում քրեածին իրավիճակի կտրուկ սրումն անհանգստացնում է ռուսաստանյան իշխանություններին։
4. Պուտինը կփորձի Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջինբայի հետ քննարկել նաև Աբխազիայում ՌԴ քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման մասին հարցը։ Ի տարբերություն Հարավային Օսիայի, որը բացահայտ հայտարարում է, որ իր նպատակը ՌԴ մաս դառնալն է, Աբխազիան բավական «ընդդիմադիր» է։ ՌԴ-ի դիրքերի ամրապնդելու դեմ պայքարի գլխավոր միջոցներից մեկը, որը կիրառվում է Սուխումը, ՌԴ քաղաքացիներին անշարժ գույքի գնելու արգելքն էր Աբխազիայում։ ՌԴ իշխանությունները միշտ փորձել են համոզել աբխազներին չեղարկել այդ արգելքը, սակայն Աբխազիայի ղեկավարները մինչև հիմա Ռուսաստանի էքսպանսիոնիզմը զսպող այդ օրենքը կիրառում են։
5. ՌԴ-ն սարսափելի խանդով է վերաբերվում թուրք-աբխազական հարաբերություններին։ Չնայած այն հանգամանքին, որ Անկարան չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, Սուխումի և Անկարայի միջև հաստատվել են բավական սերտ հարաբերություններ։ Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարությունների միջև տեղի են ունենում ոչ պաշտոնական հանդիպումներ։
6. ՌԴ-ն ցանկանում է նաև ուժեղացնել իր տեղեկատվական ներկայությունն Աբխազիայում, և հավանական է, որ Պուտինն այդ հարցը ևս քննարկի աբխազական ղեկավարության հետ։
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Մոսկվայի համար Աբխազիան և Հարավային Օսիան հանդիսանում են որպես պլացդարմ Վրաստանի դեմ հավանական պատերազմում։
2008 թ․-ի օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ բավական թույլ վրացական բանակը չի կարող պաշտպանել երկիրը, իսկ Հարավային Օսիայի սահմանների շատ մոտ գտնվելը Թբիլիսիին դամոկլյան սուր է վրացական պետականության համար։ Աբխազիայի տարածքից հարձակման դեպքում կարելի է մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն սահմանել երկրի սևծովյան հատվածի նկատմամբ։

Հ.Գ. Շատերը Աբխազական և Արցախյան հիմնախնդիրները նմանեցնում են։ Այո, նմանություններ շատ կան, սակայն պետք չէ մոռանալ, որ երբ 1988թ․-ին Արցախն անկախանում էր Ադրբեջանից, ԼՂԻՄ-ի բնակչության 76%-ը հայեր էին՝ ի տարբերություն աբխազների, որոնք 1989թ․-ի մարդահամարի տվյալներով կազմում են Աբխազիայի բնակչության 18%-ն այն դեպքում, երբ վրացիները կազմում էին բնակչության 45%-ը։ Հայերը և ռուսները կազմում էին բնակչության համապատասխանաբար 17% և 9 %։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել