Իրադարձությունները Պարսից ծոցի տարածաշրջանում բավական արագընթաց փոփոխվում են։ Քաթարյան ճգնաժամի մեջ ակտիվ դերակատարություն ունեցող կողմերը՝ հակամարտող խմբավորումները, չեն հասցնում մեկը մյուսին մատուցել իրենց անակնկալները։
Քիչ առաջ Սաուդյան Արաբիան «նվեր» մատուցեց Իրանին, որտեղ այսօր տեղի է ունենալու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը։ Այն ժամանակ, երբ Թեհրանում կարևոր այս իրադարձությանն են սպասում, արևմտյան մամուլում հայտնվել է մի լուսանկար, որը կարող է ռումբ հանդիսանալ Իրանի համար և կարող է կտրուկ փոխել Իրանի դիրքերը Իրաքում և Արաբական թերակղզում։
France 24-ը տեղեկացնում է, որ որոշ ժամանակ առաջ Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել թագաժառանգ Մոհամեդ իբն Սալման ալ Սաուդի և իրաքյան հայտի շիա հոգևոր քարոզիչ և գործիչ Մուդթադա աս Սադրի միջև հանդիպում, որի ժամանակ վերջինս պահանջել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիից ցրել «Հաշդ ալ-շաաբի» ջոկատները, որոնք հովանավորվում են Թեհրանի կողմից և սերտ կապեր ունեն էլիտար համարվող իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Չնայած նրան, որ շատ փորձագետներ, հաշվի առնելով Թեհրանի և Էր Ռիադի միջև բավական լարված հարաբերությունները, այս հանդիպումը համարում են աննախադեպ, սակայն որոշ բավական լավ տեղեկացված աղբյուրներ էլ գտնում են, որ վերջապես որոշ գործիչներ բացեցին իրենց խաղաքարտերը և բացահայտեցին իրենց ով լինելը։ Լիբանանյան «Հզբոլլահի» հետ կապ ունեցող «Ալ Ահբար» թերթը, մեկնաբանելով աս Սադրի և սաուդիտների դինաստիայի ներկայացուցչի հանդիպումը, գրել է. «Չնայած այդ այցը կարելի է քաղաքական ռումբ համարել, բայց այն միևնույն ժամանակ բացահայտեց վաղեմի գաղտնի կապերը»։
Եթե ֆրանսիական ԶԼՄ-ի կողմից աս Սադրի անունից տարածված հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա պարզ դեմարշ է Թեհրանի դեմ և բացահայտում է հայտնի իրաքյան շիա մահմեդական գործչի Սաուդյան Արաբիայի գործակալ լինելու փաստը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել