«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ: Ներկայացնում ենք հատված:
-Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ ազգային անվտանգության սպառնալիք. ըստ Վիճակագրական ծառայության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15200-ով:
-Նախ ասեմ, որ այս խնդիրը խիստ մտահոգում է մեր կառավարությանը: Այդ մտահոգության վկայությունն այն է, որ եթե մինչև 2012 թվականը այդ երևույթի վերաբերյալ տվյալները ստացվում էին միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ իրականացվող հետազոտությունների շնորհիվ, ապա հիմա կառավարությունն ինքն է նման հետազոտությունների պատվիրատուն:
Նպատակն այն է, որ ունենանք մշտապես թարմացվող տեղեկատվություն, և գործադիրի մատը միշտ լինի զարկերակի վրա: Հայ-սլավոնական համալսարանում կա ձևավորված թիմ, որը պետբյուջեի միջոցներով իրականացնում է նման հետազոտություններ:
Ցավոք, դրական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, նկատի ունեմ, որ բնակչության շրջանում ավելի շատ են արտագաղթելու տրամադրությունները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանից մեկնողների թիվը անհամեմատ գերազանցում է ժամանողների թվին: Վերջին տարիներին չի եղել արտագաղթի կտրուկ աճ, սակայն այն թվերը, որ կան, անշուշտ, մտահոգիչ են:
Արտագաղթը մի երևույթ է, որի ծավալների կրճատման մասին խոսելիս պետք է նախ խոսենք ծնող պատճառների մասին: Իսկ դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական տիրույթում են:
-Սակայն քիչ չեն մարդիկ, որոնք ամենևին չլինելով վատ սոցիալական վիճակում, այնուհանդերձ երկրից հեռանալ են ուզում, ասում են՝ ապագայի հանդեպ հույս չկա: Ու սա առանց հետազոտությունների, անզեն աչքով էլ նկատելի է: Ի դեպ, մտահոգիչն այն է, որ այդպես մտածողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները:
-Այդ բոլորը Դուք ասում եք՝ առանց հիմնվելու որևէ հետազոտության վրա, դա Ձեր անձնական նկատառումներն են, Ձեր սեփական եզրակացությունը, դրա համար թույլ տվեք չընդունել որպես ամենավերջին ճշմարտություն:
Արտագաղթը մի երևույթ է, որը միմիայն հնարավոր է գնահատել հետազոտությունների ճանապարհով, քանի որ միայն այդպես կարող ենք ստանալ ճիշտ տեղեկատվություն և տալ հստակ գնահատական: Մնացածը մարդկանց մտահոգությունների տիրույթից են, նրանց անձնական, տեսողական դաշտի արդյունք են: Երբեմն ասում են՝ արդարության պակասից են փախչում, ես էլ հարց եմ տալիս՝ անարդարությունից փախչելով ո՞ւր եք գնում, Ռուսաստա՞ն, արդար երկի՞ր եք գնում:
Ինչ վերաբերում է երիտասարդության շրջանում արտագաղթի բարձր թվերին, այն, որ 16-60 տարիքային խմբերի գերակշռող մասը՝ մինչեւ 80 տոկոսն արտագաղթողներ են, նորություն չէ, այս վիճակը սկսվել է դեռ 90-ականներից:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել