Araratnews.am-ը գրում է.

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման էսկալացիա է գնում, դժբախտաբար, և պարզ է, որ փոքր պետությունների համար ձեռնտու է, որ մեծ խաղացողներն ավելի լավ հարաբերություններ ունենան, այդ դեպքում փոքր երկրներին մի քիչ ավելի հեշտ է մանևրել: Նման միտք Araratnews.am-ի հետ զրույցում արտահայտեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով վերջին շրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունների սրմանը:

«Որքան հասկանում եմ` այդ վատթարացումը խորանում է, և այստեղ պարզ են Ռուսաստանի քայլերը Ուկրաինայում, Սիրիայում, Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ-ի ընտրություններում. գոնե ԱՄՆ-ի քաղաքական էլիտան պնդում է, որ Ռուսաստանը միջամտել է: Եվ այդ մի քանի գործոնները բերում են նրան, որ էլ ավելի են վատանում Արևմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները»:

Այս համատեքստում քաղաքագետը նաև նկատում է, որ չպետք է մոռանալ նաև ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման մասին. «Ոչ միայն ԱՄՆ-ն ուժեղացրեց սանկցիաները Ռուսաստանի դեմ, այլ նաև Եվրամիությունը մի քանի օր առաջ մեկ տարով երկարաձգեց սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ: Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն սանկցիաները կիրառվում են, այլ նաև սանկցիաների ուժեղացում է գնում: Դա կբերի նրան, որ ավելի քիչ ոլորտներում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը լեզու կգտնեն»:

Իսկ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես նշեց քաղաքագետը, խնդիրները նոր չէ, որ առաջ են եկել. «Այդ խնդիրները վաղուց են սկսվել, մոտավորապես 2007 թվականից, բայց այս վատթարացման ուժեղացումը կարող է բերել նրան, որ այն ոլորտները, որում աշխատում էին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, դուրս կգան խաղից: Օրինակ` հակաահաբեկչական պայքարի ոլորտում, Հյուսիսային Կորեայի հարցերում, ինչ-որ չափով նաև` Սիրիայի հարցերում, միջուկային զենքի կրճատման կամ ոչնչացման հարցում, այնուամենայնիվ, գնում էր համագործակցություն, և հիմա չեմ բացառում, որ այս ոլորտների մի մասը կկրճատվի»:

Ստեփան Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը կազդի ամբողջ աշխարհի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել