ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Հյուսիսային Կորեա այցելելն ամերիկացիներին արգելելու մասին։ Արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Պետդեպը պահանջել է արդեն այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացներից լքել այդ երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ արգելքը կգործի առաջիկա տարվա ընթացքում։ Բացառություն կարող են արվել միայն լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների համար։
Արգելքի մասին որոշումը կայացվել է ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերի մահից հետո, ով 2016 թվականի մարտին Հյուսիսային Կորեայում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր էին ճանաչել Փխենյանում հանգստի ժամանակ քաղաքական ցուցանակի գողության փորձի համար։ 2017-ի հունիսին նրան ազատ էին արձակել, սակայն ԱՄՆ վերադառնալուց հետո նա կնքել էր մահկանացուն։ Ազատազրկման ընթացքում նրա ուղեղը խիստ վնասվել էր։



