ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալլահ ալ-Մուալիմը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև արաբական երկրների և Թուրքիայի հարաբերություններին։
«Մեր թուրք եղբայրները պետք է հասկանան, որ ժամանակները, երբ նրանք միջամտում էին արաբական երկրների ներքին գործերին, վաղուց անցել են։ Եթե Թուրքիան կառուցողական դեր է խաղում, ապա մենք դա ողջունում ենք, բայց ռազմաբազաների տեղակայումն ապակառուցողական են և լուրջ կվնասեն Թուրքիայի հեղինակությանը արաբական աշխարհում»,- ասել է ալ-Մուլիմը. հաղորդում է Daily Mail-ը։
Սա Էր Ռիադի առաջին և բացահայտ դեմարշն է և նախազգուշացումը Անկարային, որը Կատարի շուրջ արդեն երկու ամիս ձգձգվող ճգանածամի ընթացքում փորձում է ամրապնդել իր դիրքերը Արաբական թերակղզում՝ ռազմաբազա տեղակայել Քաթարում, որը և մեծ բացասական գնահատականի է արժանացել Էր Ռիադում, Աբու Դաբիում, Մանամայում և Կահիրեում։
Թուրքիայի փորձերն՝ ամրապնդվել արաբական երկրներում և ստանձնել մահմեդական աշխարհի օմբուդսմենի դերը, պատահական չեն։ Թուրքիայի բռնապետ Էրդողանն առաջնորդվում է նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի քաղաքականությամբ, որը նախ և առաջ նախատեսում է վերականգնել Թուրքիայի ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքներում։ Թուրքիան մինչ այդ էլ բավական ակտիվ էր Արցախյան, Չեչենական, Բոսնիական և Կոսովոյի ճգնաժամերի ժամանակ, սակայն Անկարայի նկրտումները բացահայտ և ավելի ագրեսիվ բնույթ ստացան 2003թ․-ից հետո, երբ Թուրքիայի վարչապետ դարձավ Ռեջեփ Էրդողանը։
2010 թ-ի մայիսի 30-31-ի դեպքերը, երբ Անկարան փորձում էր «Մավի Մարմարա» նավով օգնություն հասցնել Գազա, որը շրջափակված էր Իսրայելի կողմից, հանգեցրեց նրան, որ Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունները 5 տարով գրեթե դադարել էին։ 2011թ․-ի մարտից Էրդողանը բավական ակտիվ ներգրավվեց նաև նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ՝ փորձ կատարելով գրավել, որքան հնարավոր է, շատ տարածքներ, այդ թվում նաև՝ Հալեպը, որն, ի դեպ, ավարտվեց անհաջողությամբ։
Եգիպտական «արաբական գարնան» ժամանակ Անկարան բացահայտ միջամտում էր Կահիրեի ներքին գործերին՝ պաշտպանելով ահաբեկչական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը և նրա առաջնորդ Մուհամեդ Մուրսիին, ով 2012թ․-ի ամռանն ընտրվեց նաև Եգիպտոսի նախագահ։ 2013թ․-ի հուլիսի 3-ին Մուրսիին իշխանությունից զրկելուց հետո Էրդողանը քննադատեց Եգիպտոսի նոր իշխանություններին, որի պատճառով թուրք-եգիպտական հարաբերությունները բավական սառեցին, իսկ Կահիրեն էլ նախազգուշացրեց Անկարային, որ չփորձի միջամտել երկրի ներքին գործերին։
2016թ․-ի ապրիլի սկզբին հենց Անկարայի հովանավորությամբ ևս Ադրբեջանը սանձազերծեց կարճատև պատերազմ Արցախում։
Քաթարի շուրջ ճգնաժամը, որն սկսվեց այս տարվա հունիսի 5-ին, ևս օգտագործվեց Անկարայի կողմից էլ ավելի ուժեղացնելու իր դիքրերն արդեն Պարսից ծոցի տարածաշրջանում և Արաբական թերակղզում, որոնք նախկինում ևս եղել են Օսմանյան կայրության մաս։ Սակայն այստեղ կենացները շատ թանկ են, որ տարածաշրջանի երկրները և կոնկրետ Սաուդյան Արաբիան, որը փորձում է արաբական աշխարհի հեգեմոնի դերը ստանձնել և վերահսկել արաբական երկրների նավթային առևտուրը, թույլ տա, որ Անկարան ակտիվանա աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում՝ Կատարում։
Սաուդացիները բավական երկար չէին արձագանքում Անկարայի նկրտումներին։ Սակայն այն, ինչ ունի սկիզբ, ունի և վերջ։ Էր Ռիադի համբերությունը սպառվում է։ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի բավական կոշտ արձագանքը կարելի է համարել որպես նախազգուշացում։
Իրականում, Թուրքիայի կողմից Կատարում ռազմաբազա բացելու և այնտեղ 200-250 զինվորական տեղակայելը ավելի շատ քարոզչական, հոգեբականան և դիվանագիտական նշանակություն ունի։ Ռազմավարական և անվտանգության առումով Կատարը գրեթե ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից, որի կատարյան Ալ-Ուդեիդ ռազմաբազայում ծառայում է 11 հազար զինվորական։ Ինչպես նաև Կատարի անվտանգության համար կարևոր է նաև Թեհրանի դիրքորոշումը։
Պատահական չէ նաև այն, թե ինչու ալ-Մուալիմը այս հայտարարությունն արեց հենց հիմա։ Հուլիսի 23-24-ը «խաղարարական» այցով Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և Կատար է մեկնելու Էրդողանը, որը, ինչպես ներկայացնում են իշխանամետ թուրքական ԶԼՄ-ները, «գնում է բարիշեցնելու արաբներին»։
Դե ինչ։ Էր Ռիադից արդեն հասկացրին Անկարային իր տեղը և դերը տարածաշրջանում։ Այսինքն՝ Էրդողանը անելիք չունի այնտեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել