Պատահմամբ համացանցում հանդիպեցի Նարեկ Մալյանի
և «Մեկ Ազգ»-ի վիրտուալ պատերազմին: Որպես հայ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չլռել չեմ կարող:
«Մեկ Ազգ Մեկ Մշակույթ»-ն համենայն դեպս ազգային եմ համարում: Թե որքան բացասական կերպով են անդրադառնում այդ կուսակցության գործութնեության արտահայտման ձևերը (նկատի ունեմ բազմահազար թռուցիկներն ու այնտեղ վիրավորական արտահայտություններ) այլ խնդիր է: Այլ խնդիր է նաև այն հանգամանքը, որ տվյալ ուժը սատարում է մի իշխանական ուժի, որը ևս իրեն համարարում է Նժդեհյան գաղափարների հետևորդ:
Թե որքան է ՀՀԿ-ն լավ հետևում այդ գաղափարներին, թողնում եմ յուրաքանչյուր հային և ՀՀ քաղաքացուն՝ սեփական կարծիքի արտահայտման համար: Բայց քանի որ ես ևս իրավունք ունեմ արտահայտվելու, ապա ասեմ անմիջապես՝ Նժդեհյան գաղափարների հետևողականություն մի շարք պաշտոնյաների և հենց ՀՀԿ-ական գործիչների մեջ, բացարձակ չեմ տեսնում:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը, հատկապես վերջին շրջանում ակտիվացումը քաղաքական դաշտում, համարում եմ ամոթալի: Այն ինչ տեղի էր ունենում 1990-ից 1995 թթ-ին հայ ժողովրդի հետ, ինչ կատարվում էր տվյալ ժամանակահատվածում Հայաստանի նորանկախ հանրապետությունում, այսօր կարելի է մեկ բառով ասել միայն՝ ավազակություն: Հարգելի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ, հարգելի երիտասարդներ, որ այսօր սատարում եք նրան, համոզված եմ կլինեն ձեր շարքերում մարդիկ, ովքեր գուցե հիշեն մանկությունից այն տարիները, որոնց այսօր երկու բառով են բնորոշում՝ «մութ ու ցուրտ»: Ես ինքս հիշում եմ այն հացը, որ գնում էինք հատուկ տրված տալոնով. այնքան որդնած ալյուրով էր պատրաստված, որ որդերը դեռ կենդանի էին մնում անգամ եփվելուց հետո: Հիշում եմ այն ցուրտ ձմեռները, որ օրերով էլեկտրաէներգիա չէր լինում ու ես անկողնուց վեր կենալ չէի կարողանում: Այո, պատերազմ էր, շրջափակում, սակայն այդ ինչպես էր պատահում, որ հենց այդ ժամանակներում սկսում էին արդեն հայտնվել օլիգարխներ, որոնք իրենց թույլ էին տալիս հայկական տուֆը ինքնաթիռով արտասահման տեղափողել՝ շքեղ առանձնատներ կառուցելու համար: Արդյո՞ք մոռացվում են այն բոլոր զրկանքները, որ հայ ժողովուրդը տեսավ այդ օրերին: Ես համենայն դեպս չեմ մոռանում:
Այսօր ցավով լսում եմ նույն Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այնպիսի ոգևորվածությամբ է ադրբեջանցիներին «Ազգ» անվանում, որ լացս գալիս է, այնպես հեշտությամբ կասկածի տակ դնում հայոց ազգի ծագումնաբանությանը, Նժդեհյան գաղափարախոսությունը «ռասիզմ» որակում, որ այլևս մի նշույլ հարգանք չի մնում այդ անձնավորության հանդեպ: Անգամ մոռանում ես, որ նա հայոց անկախ պետականության թերևս առաջին նախագահն է: Մնում է միայն որակել նման պահվածքը ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ քայլ: Այլ բառ չեմ կարող գտնել:
Մի խնդրանք ունեմ այն մարդկանց, ովքեր սատարում են նրան: Փորձեք ինքներդ մեկանաբանել այն արտահայտություններն ու բառերը որոնք արտասանում է Լևն Տեր-Պետրոսյանը հանրահավաքների ժամանակ, փորձեք ինքներդ սեփական կարծիքը արտահայտել, այլ ոչ թե պրոպագանդել այն ինչ դրանից հետո ձեզ հրամցնում են որպես տվյալ բառերի ճիշտ մեկնաբանություն: Ունեցեք ձեր սեփական ու անձնական դիրքորոշումը ցանկացած հարցում, նախքան համընդհանուրի կարծիքը լսելը:
Ցավով պետք է նշեմ ու հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր սատարում են Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես՝ Արմեն Մխեյանս իշխանամետ չեմ, որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ: Ես ՀՀ քաղաքացի եմ, հասարակ երիտասարդ քաղաքացի, որ ինքնին արդեն ընդդիմադիր է, քանզի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր դիմակայությամբ ու ընդդիմադիր կեցվածքով պայքարի, այլ ոչ թե անմիջապես դառնա ըննդիմադիր կամ շահամոլ իշխանամետ:
Ցավոք այսօր երիտասարդություն այնքան է տարված քաղաքականությամբ, որ քաղաքացիականն անտեսում է: Իսկ ամուր պետականության, լեգիտիմ իշխանության և հզոր պետության առաջնային և կարևորագույն նախապայմաններից մեկն է, որ պետության յուրաքանչյուր անձ, ով ունի տվյալ պետության անձնագիր, նախևառաջ լինի ՔԱՂԱՔԱՑԻ և ոչ թե այս կամ այն կուսակցության անդամ, իշխանամետ կամ ընդդիմադիր:
Եկեք առաջին հերթին լինենք լավ քաղաքացի մեր պետության համար, հետո արդեն որոշենք ընդդիմադիր ենք թե իշխանամետ:
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/2012/01/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել