Այնպես ստացվեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում` որպես «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ, գրեթե ամեն շաբաթ մասնակցել եմ հասարակական կազմակերպությունների մի քանի հավաքների՝ տարբեր անուններով ու ձևաչափերով: Դրանց մի մասը հետաքրքիր և արդյունավետ էին, իսկ մնացածը ուղղակի լավ հնարավորություն էին նոր ծանոթություններ հաստատելու համար: Ինքս, լինելով ՀԿ դաշտի ներկայացուցիչ և ներսից տեսնելով այն, ինչ կա, որոշեցի որոշակի ամփոփում ներկայացնել:

Այս բոլոր քննարկումներին կարելի է երկակի գնահատական տալ: Մի կողմից կարելի է մտածել, որ հասարակական կազմակերպությունների ղեկավարները գիտակցում են, որ միասին շատ ավելի լավ արդյունքների է կարելի հասնել: Մյուս կողմից եվրոպական գրանտերի ճանապարհները այսօր ավելի քան հասանելի են բոլորին, և այդ նույն ղեկավարները ցանկանում են նոր մոտեցումներ դրսևորել:

Խոսելով գաղափարական կողմի մասին՝ պետք է նշել, որ այստեղ դաշտը շատ հստակ է և համընկնում է քաղաքական ուղղություններին: Երկու ճանապարհ՝ Եվրոպա կամ Ռուսաստան: Վերջինն արտահայտվում է ԵվրԱզԷսի տեսքով:  Այսինքն՝ այն նույն երկընտրանքը, որն առկա է այսօրվա քաղաքական օրակարգում: Հարց է առաջանում՝ որքանով են այս գաղափարախոսությունները հասարակական դաշտում անկախ և որքանով են դրանցում արտահայտված պատկերացումները սերվում հենց հասարակությունից: Պատասխանը խիստ սուբյեկտիվ է յուրաքանչյուրիս մոտ:
Վերոնշյալն արտահայտելով՝ բացարձակ ցանկություն չունեմ դրական կամ բացասական որակավորում տալ այս ուղղություններին կամ դրանցում ընդգրկված կազմակերպություններին: Բայց միևնույն ժամանակ մի փոքր տարօրինակ է, որ մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եթե ոչ ամբողջությամբ, ապա գլխավորապես այս երկուսի կրողներն են: Կարծում եմ, որ հասարակական դաշտը, որը, ի տարբերություն պետության,  շատ ավելի ճկուն է և անկախ, կարող է իրեն  թույլ տալ լինել ավելի հայակենտրոն՝ վերցնելով վերոնշյալից դրական կողմերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել