Վերջին շրջանում մի օրինաչափություն է նկատվում. ամեն անգամ, երբ իրանցի որոշ պատգամավորների և հոգևորականների, այսպես կոչված, ադրբեջանամետ հայտարարությունից հետո պաշտոնական Թեհրանը «հուսախաբ» է անում Բաքվին, ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծվում է հակաիրանական քարոզչության գործին՝ որպես սպառնալիք վկայակոչելով Բաքվի և Թել Ավիվի ռազմավարական փոխգործակցությունը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Եվդա Աբրամովը, անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան համագործակցության առնչությամբ Իրանի կողմից պարբերաբար հնչեցվող մտահոգություններին, հայտարարել է, որ Իրանն իրավունք չունի թելադրելու, թե Բաքուն որ երկրի հետ պետք է խորացնի իր հարաբերությունները:
Իսրայել-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը, ի պատասխան Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե «Իսրայելի միջամտությունը ԼՂ հակամարտությանը բացասական հետևանքներ կարող է ունենալ», մասնավորապես նշել է. «Իսրայելը ոչ մի դեպքում չի կարող ուղղակի մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, դա իրանցի քաղաքական գործիչների ցանկությունն է: Իրանցիները դիվանագիտության և գրագիտության մեջ հետընթաց են արձանագրել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել