Armlur.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը:
 ArmLur.am-ի մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Բաբլոյան-Վոլոդին հանդիպումը թեժ քննարկումներով է անցել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արա Բաբլոյանը Վոլոդինի համար անսպասելի հարց է բարձրացրել` կապված Հայաստանի վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատող հայ վարորդների առաջ ծառացած նոր խնդրի հետ: Նախ հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է` խոսվում է այն մասին, ՌԴ կառավարությունը նոր որոշում է կայացրել, ըստ որի` ՀՀ քաղաքացի վարորդների վարորդական իրավունքներն այլևս ՌԴ-ում անցողիկ չեն լինի: Ըստ այդմ` 2017թ. հուլիսի 1-ից ՌԴ-ում վարորդներին կարգելվի աշխատել իրենց երկրների վարորդական իրավունքներով:
 ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, հետաքրքրվել է` ինչ է սպասվում հայ վարորդներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ, օրինակ, Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիները ունեն իրենց վարորդական իրավունքները Ռուսաստանում կիրառելու հնարավորություն:
 Ի պատասխան Վոլոդինը նախ առարկել է, թե իրեն ուղղում են նախապես չհամաձայնեցված հարց, ապա` հայտարարել, թե ՀՀ և ՌԴ քաղաքացիները երթևեկության տարբեր կանոններով են վարում: ՌԴ պետդումայի նախագահը, սակայն, իր խոսքում շեշտը դրել է հայ վարորդների` ռուսերենին տիրապետելու խնդրին` ասելով, որ նրանք այդ հարցում կաղում են: Ըստ էության` Վոլոդինն ակնարկել է, որ խնդիրը կլուծվի այն դեպքում, եթե ռուսերենը Հայաստանում ստանա պետական լեզվի կարգավիճակ: Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը` նկատելով, որ եթե անգամ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ստանա, այդուհանդերձ, ՌԴ-ում աշխատող հայ վարորդների լեզվական խնդիրն այդպիսով չի լուծվելու. «Ո՞րն է առաջարկի արդյունավետությունը», հետաքրքրվել է Փաշինյանը: Մոսկովյան մեր աղբյուրները հայտնում են, որ Վոլոդինն էլ այդ պահին դիմել է Բաբլոյանին, թե ինչու է վերջինս ընդդիմադիր պատգամավորին ձայնի իրավունք տալիս:
 ՀՀ ԱԺ նախագահը ստիպված է եղել դասախոսություն կարդալ` Վոլոդինի համար պարզաբանելով, որ ժողովրդավարական երկրներում խոսքի իրավունք ունեն բոլորը: Արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել