Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19-ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում: Այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվական կայքերը:
«Երեք նախարարների հանդիպման օրակարգը դեռևս կազմվում է»,- նշում են լրատվականները:
Վրաստանի համար թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ռազմավարական կապերն ունեն կենսական նշանակություն`հաշվի առնելով ՌԴ-ի հետ լարված հարաբերությունները, Թբիլիսին տն՞եսական, քաղաքական, ռազմա-քաղաքական առումներով «հենվում» է տարածաշրջանային տերություն Թուրքիայի վրա, որը նաև ՆԱՏՕ-ի անդամ Վրաստանը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ինտեգրվելու համարում է իր արտաքին քաղաքականության անկյունաքարերը։
Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա։ Վրաստանի համար այդ շուկայում սեփական արտադրանքով ներկայանալն ունի կարևոր նշանակություն․ թուրքական ներդրումները վրացական տնտեսության տարբեր հատվածներում` հատկապես Աջարիայում, հյուրանոցային, ռեստորանային բիզնես և այլն, բավականին լուրջ են։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել Վրաստանում, կառուցել էներգետիկ-տրանսպորտային միջանցք, որն անցնում է Վրաստանի տարածքով` երկաթգիծ, դեպի Բաթումի արագընթաց մայրուղի, նավթա-գազամուղեր դեպի Թուրքիա, «էներգետիկ կամուրջ»` էլէներգիա է արտահանում Վրաստանով դեպի Թուրքիա և այլն։ Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, Վրաստանը, փորձելով նվազեցնել իր կախվածությունը Մոսկվայից` գազային, էներգետիկ, սկսել է մեծացնել իր միակողմանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից։ Վրաստանի համար Թուրքիան միջանցք է դեպի ԵՄ, տարանցիկ երկիր և այլն, իսկ Ադրբեջանը` Վրաստանի համար «պատուհան» է դեպի Կենտրոնական Ասիա ու Ադրբեջան-Իրան երկաթգծի կյանքի կոչումից հետո նաև Իրան ու Պարսից ծոց։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Վրաստանում գնալով միայն ավելանալու է. այս տարի գործարկվելու է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում, Վրաստանն ու Ադրրբեջանը ՎՈւԱՄ անդամ են, Ադրբեջանը Վրաստանի սևծովյան նավահանգիստներով «դուրս է գալիս» դեպի Ուկրաինա, Բուլղարիա և այլն, քննարկվում է նաև ադրբեջանական գազը Վրաստանում հեղուկացնելու և այդ ճանապարհով Արևելյան Եվրոպայի երկրներ արտահանելու ծրագրերը:
Տնտեսական շահերի համընկնումն աշխարհաքաղաքական շահերի հետ` Վրաստանը խնդիրներ ունի Աբխազիայում ու Հվ. Օսիայում, դրանք մոտակա ապագայում չեն հանգուցալուծվելու, սրանից բխող ռուս-վրացական հարաբերությունները մնալու են լարված, իսկ Թբիլիսիի ՆԱՏՕ-ական ձգտումները Մոսկվայում ծանր են տանում, օբյեկտիվ պատճառներով դրդելու են Վրաստանի ցանկացած իշխանություններին` անկախ կառավարման համակարգի փոփոխություններից, պահպանել ռազմավարական կապերը Բաքվի ու Անկարայի հետ։ ՀՀ-ն պետք է հաշվի առնի այն իրականությունը, որն արդեն առկա է և լինելու է մոտակա ապագայում տարածաշրջանում ու փորձի Վրաստանի միակողմանի թուրք-ադրբեջանական կողմնորոշումը «թեքել», բալանսավորել հօգուտ Երևանի, իսկ դրա միակ միջոցը խոշոր համատեղ տնտեսական ծրագրերն են, դրանց արագ կյանքի կոչումն ու տեղի` վիրահայության՝ որպես գործոնի պահպանումը Վրաստանում` ի հակակշռիռ տեղի ադրբեջանական համայնքի, որն ահռելի օգնություն` ֆինանսական, քաղաքական, կազմակերպչական, ստանում է Բաքվից։