Ես չեմ հասկանում՝ այդքան փոխադարձ ատելությամբ դուք ինչպե՞ս եք իրար հետ եղել, քաղաքական պայքար տարել նույն շարժման, նույն կուսակցության շարքերում… Ոնց էիք գովաբանում իրար, հիմա ի՞նչ եղավ…
Կարդում եմ թույնի, անեծքի, պարսավանքի, չկամության, թշնամանքի, գուցե նաև նախանձի այդ «տիեզերական» չափաբաժինը և զարմանում, հիշում ձեր հիացական ու թրջված աչքերը նրանց ելույթները լսելու ժամանակ, նրանց անվան վանկարկումները, գրկախառնությունները… Եվ հիմա նոր արդեն հասկանում ընդդիմադիր ուժեր կոչված քաղաքական խմբերի պարտության կամ չկայացման, հեղինակազրկման պատճառները…
Դուք ոչ միայն իշխանություններին էիք ատում, այլ, պարզվում է, նաև ներքուստ մեկդ մյուսին՝ հատկապես ձեր մեջի հաջողակներին… Ձեր եսը, ձեր անձը կարևորելու, առաջինը, գլխավորը լինելու մարմաջը, ձեր անփոխարինելիությունը ընդգծելու հիվանդությունը և փոխադարձ ատելությունը քայքայեց, մասնատեց, հեղինակազրկեց, փոշիացրեց ձեր ձեռքբերումները, ձեր շարքերը…
Մի բան պարզ է. եթե գայիք իշխանության, ապա կատեիք նաև ձեզ իշխանության բերողներին՝ ժողովրդին… Եվ ցավն այն է, որ գրեթե բոլորդ էլ նույնն եք…
Դե ինչ, փորձեք ուրախանալ, հպարտանալ, որ ձեր ընկերները, նախկին կուսակիցները, համախոհներն այսօր ԱԺ-ում են, որ Արզումանյանը, լինելով պրոֆեսիոնալ, փորձված դիվանագետ, դեսպան է, որ…
Որ Զարուհին ծիրան շատ է սիրում, սկսել է քաղել և շատ է «էժանացրել» ծիրանը…
Մի խոսքով՝ քաղաքական գործիչներ եք, քաղաքական համակիրներ, բայց մի փոքր էլ մարդ եղեք…
Իսկ Դանիան լավ երկիր է, ու շնորհավորենք Ալիկին: Պետք չէ վարկաբեկել, նրան և հանրությանը փորձել ինչ-որ բաներ հիշեցնել… Չէ՞ որ նա ձեր իշխանության օրոք բարձր և պատասխանատու պաշտոններ է վարել: Վարկաբեկելով և սևացնելով՝ դուք մարդկանց վանում եք ձեզանից, դրանով նսեմացնում անցյալը, հեղինակազրկում, դժվարացնում ներկան և վտանգում ապագան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել