Panarmenian.net-ը գրում է.

Ավստրիայի իշխանություններն արգելել են մուտքը երկիր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչիին, որը պետք է մասնակցեր Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված միջոցառմանը:

«Կարող եմ հաստատել, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցն իրոք արգելել է թուրք նախարարի մուտքը երկիր»,-հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ORF ռադիոկայանին: Ըստ նրա, նախատեսվող իրադարձությունը «շատ մեծ է», իսկ թուրք նախարարի այցը «սպառնալիք է Ավստրիայի հանրային կարգին ու անվտանգությանը»:

Ավելի վաղ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ կառավարությունն անցանկալի է համարում թուրք փոխվարչապետ Թուրգուլ Թյուրքեշի այցը երկիր, որը ևս մասնակցելու էր Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված միջոցառումներին: Ըստ գերատեսչության, Ամստերդամի որոշումը մարտի իրադարձությունների «օրինաչափ հետևանքն է»:

2017-ի մարտին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին, որ վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը, որը մտադիր էր մասնակցել թուրքական համայնքի հանրահավաքին Ռոտերդամում՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի շեմին: Նիդերլանդներից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի գործերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որը փորձել էր միջոցառման հասնել ցամաքային տրանսպորտով: Ի պատասխան Չավուշօղլուն Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» անվանեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել