Ինչպես ասում են, պատերազմը ժամանակի հարց է, որովհետև նրանից խուսափել չի լինի, կարելի է միայն հետաձգել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները ստիպում են մտածել հենց այս ուղղությամբ, որովհետև ոչ մի կերպ թե՛ ապրիլյան դեպքերից առաջ, թե՛ հետո չի նշմարվում այն կետը, որից կարող են երկու կողմերը սկսել բանակցել ու գալ ընդհանուր հայտարարի։ Նախօրեին հայկական կրակոցներից զոհված ադրբեջանցի երեխայի մահը հակառակորդն, իհարկե, փորձելու է հատուցել, ինչին աչալուրջ է հայկական կողմը, ու ժամանակի հարց է, թե որտեղից կգա վտանգը։ Բնականաբար, մերոնք նորից պատասխանելու են ու այս անգամ արդեն ավելի թիրախային կերպով։ Ոչ մեկ մեղք չունի, որ Ադրբեջանն իր զինվորական կրակակետերը տանում ու տեղադրում է բնակավայրերի վրա։ Բայց որքան էլ հումանիստաբար չհնչի, եթե տվյալ պարագայում Ադրբեջանին զսպելու այլ միջոց չկա, ստիպված պետք է նրա հետ խոսել հենց այն լեզվով, որն իրեն հոգեհարազատ է։ Մնում է սա հասկանալի դարձնել միջազգային հանրությանը։ Սակայն այս առումով արտաքուստ բարդ է թվում, բայց իրականում այդքան էլ բարդ գործ չէ, որովհետև ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի վայրագություններին միջազգային հանրությունը ոչ մի գնահատական չի տվել։ Չի տվել ու չի էլ տալու։ Ցավոք, հարևանների հարցում մեր բախտը չի բերել թեկուզ միայն այն պատճառով, որ մեր հակառակորդներն անմեղսունակության բոլոր կանոնները գերազանցում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: