Այսօր սահմանադրության օրն է՝ պետական տոն, որ նշվում է 1995 թվականից:
Այս տարիների ընթացքում մեր երկրի սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին:
Ի դեպ, վերջին փոփոխություններով, ըստ էության, ընդունվեց նոր Սահմանադրություն, որով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը կիսանախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգի:
Անկեղծ ասած՝ տեղը և ճիշտ ձևաչափը չէ՝ առավել ընդգրկուն անդրադառնալու առհասարակ սահմանադրությանն ու սահմանադրականությանը, այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ՝ այս տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեր երկիրը դարձնել սահմանադրական, և մեր երկրում հաստատել սահմանադրական գերակայություն:
Հակառակը՝ հնարավորի սահմաններում մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը…
Մենք այդպես էլ հուլիսի 5-ը չընդունեցինք ու չընկալեցինք որպես տոն ու երբեք այն չդարձրինք համաժողովրդական, անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք սահմանադրության հանդեպ և չգործադրեցինք անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ սահմանադրության նորմերն անմիջականորեն գործելը կյանքի նորմ դարձնելու համար:
Անցած 21 տարիների ընթացքում սահմանադրության բազմաթիվ նորմեր այդպես էլ չկիրառվեցին, կամ կիրառվեցին կամայականորեն, մեկնաբանվեցին՝ ըստ հայեցողության ու քաղաքական իրադրության, հատվածական շահերի տեսանկյունից, սահմանադրության 2-րդ և 3-րդ հոդվածների կիրառումն ու մեկնաբանումն առհասարակ ընթացավ ու ընթանում է կասկածի ու հավատի բացակայության պայմաններում:
Մենք ապացուցեինք, որ անլուրջ մոտեցում ունենք սահմանադրության՝ որպես մեր հասարակական հարաբերությունները կարգավորող ամենակարևորագույն գործիքի հանդեպ և հեռու ենք սահմանադրական հասարակություն դառնալու ճանապարհից…
Այսպիսի ժառանգության հետ մեկտեղ կանգնած ենք նոր փորձության առջև՝ նոր սահմանադրության կենսագործման, անկախ նրանից՝ այն լավն է, թե վատը, ճիշտ է, թե սխալ…
… Քանի դեռ հասարակությունը չի հարգել իր օրենքը, իր երկրի օրենքը, ինքը չի դարձել սահմանադրական և իր ցուցաբերած կամքով երկրում չի հաստատել սահմանադրականություն, սահմանադրությունը մնալու է որպես թղթի վրա գրված սիրուն փաստաթուղթ, ընդամենը…
Շնորհավո՛ր սահմանադրության օրը:
Հ.Գ. Այս նյութը գրել եմ անցած տարի այս օրը:
Իմ կարծիքով՝ ամեն ինչ մնացել է նույնը, ոչինչ չի փոխվել:
... Ես էլ որոշեցի ոչինչ չփոխել, կրկնել նույնությամբ: