Հաճախ ենք լսում. «Մենք` հայերս, այսպիսին ենք, մենք այնպիսին ենք...»: Տեսնենք` ինչ կարծիք ունեն մեր այս խորագրի հերթական հերոսները հայի տեսակի, մեր կենցաղի, մտածելակերպի, մեր առավելությունների ու թերությունների, կարծրատիպերի, պատվի, նամուսի, մի խոսքով` մեզ` հայերիս առնչվող ամեն ինչի մասին: 

Կարծում եմ` մենք` հայերս, չենք սիրում համեմատվել. մենք էլ բնավորության այդ գիծն ունենք: Մեր երկրում շատ քիչ օտարազգիներ են բնակվում, ինչը մեր որոշակի բնավորության մասին է վկայում: Կուզեի՝ ավելի հանդուրժող լինեինք, նորմալ վերաբերվեինք օտարազգիներին: Ընդհանրապես, եթե ինչ-որ կերպ առանձնանում ես ընդհանուրից, սկսում են խոսել, քննադատել:

Եթե որևէ սխալ քայլ չես անում, թեկուզ տուն վերադարձիր ուշ ժամի, ու եթե ծնողներդ վստահում են և գիտեն, որ ընկերներիդ հետ ես, կարող ես հանգիստ լինել և պետք չէ մտահոգվել, թե հարևաններն ինչ կասեն: Ես, օրինակ, հարևանների գիշերային լույս վառելը կամ դռան անցքից նայելն անվանում եմ BBC-ի լրագրողական աշխատանք:

Բայց թող չթվա, թե մենք դրական կողմեր չունենք. ունենք և կառանձնացնեմ մեր ավանդապաշտությունը, բայց ոչ ծայրահեղ:

Ծայրահեղ այն առումով, որ շատ պահանջկոտ ենք ընկերության հարցում, ծանր ենք տանում մեր հարաբերությունների հետ կապված ամեն հարց, շատ խանդոտ ենք: Շատ եմ սիրում մեր ազգին բնորոշ` ընտանիքով հավաքվելու լավ սովորույթը, որը մեծ ջերմություն է հաղորդում: Կարողանում ենք մեկ սեղանի շուրջ հավաքվել հարազատներով, երեխաներով ու թոռնիկներով՝ ճաշակելու տատիկի ու մայրիկի պատրաստած համեղ ուտեստները: Դրա հետ մեկտեղ նաև ուրիշի տրագեդիաներ սիրող ենք: Շատ ենք ցավում, տառապում, մեր դարդերը մեզ բավական չեն, մտահոգվում ենք ուրիշների խնդիրներով: Եվ վերջում, մեծ եղբոր կարգավիճակով ուզում եմ խորհուրդ տալ մեր երիտասարդներին և հատկապես` աղջիկներին, զբաղվել ինքնադաստիարակությամբ: Թող խիստ չթվա, բայց չեմ կարծում, որ հայ աղջկան հարիր է փողոցային տղայի լեզուն: Վատ է, իհարկե, որ տղաներն էլ են ժարգոնով խոսում: Թեև շատ ենք շեշտում, որ ավանդապաշտ ենք, սակայն կան արժեքներ, որոնք չենք պահպանում. չենք պահպանում մեր խոսքի մաքրությունը:

Պահպանենք լավը. Անդրե

 

21-րդ դարի մետրոսեքսուալ տղամարդու տիտղոսը պահպանելու համար արհեստական արևայրուք ստանալու համար շաբաթական մի քանի սեանս է հարկավոր: Ահա հորիզոնական դիրքով, բայց արթուն` մտածելու ևս մեկ առիթ: «Հայի իրական կերպար» թեմա, ինչի մասին առաջարկել են գրել ամսագրից: Հերթական շոգեխաշման 20 րոպեանոց մարաթոնը` սոլյարիի խցիկում, տրամադրեցի այս թեմայի շուրջ մտքերս ի մի բերելուն:

«Ե՞ս Yes!» ամսագրի աշխատակիցը «խնդիրը»` հոդվածի նյութը բացատրելիս օգտագործեց ՆԱՄՈՒՍ բառը, որն, իմ պատկերացմամբ, շատ կարևոր է, բայց խիստ տարբերվում է մնացյալի թե՛ ընկալումից, թե՛ նաև վերլուծությունից: Նամուս, բարոյականություն, անձնական կյանք, բարոյականի ու անբարոյականի եզրագիծ... Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ունենալու թե՛ կարծիք, թե՛ ցանկություն, թե՛ արդարացում այս կամ այն հարցի վերաբերյալ: Մեզանից շատերը դեռ չեն գիտակցում, որ բարոյականության ու նամուսի իրենց տրակտատներով նույնքան անբարոյական են, որքան իրենց կողմից մեղադրվողները:

...Արդեն մեծ մասամբ անցյալում է հարևանի տուն կանխատեսվող այցի խոհուրդ համարել «պառավոյի տրուբան» ծեծելը` անմեղ ժպիտով, բայց գիշատչի ցանկությամբ լցված, նորանոր բամբասանքներին ծանոթանալու ու շենքի վերջին իրադարձությունները վերլուծելու անհագուրդ պահանջով:

Հայի իրական նկարագիրը շատ վեհ է, բարձր ու անհասանելի մեզանից շատերին: Այն ունեցողները ժամանակին կենդանի, հիմա արդեն անդրշիրիմյան կյանքում գտնվող շատ-շատերն են: Այժմ էլ իմ ու քո կողքին ապրում են մարդիկ, ովքեր կրում են այդ ՏԻՏՂՈՍԸ, բայց նրանցից ոչ բոլորն են դրան արժանի: Մենք` հայերս, կարծում ենք, թե ողջ աշխարհին իրավունք ունենք սովորեցնելու, ճիշտն ու սխալը բացատրելու, ուղեղներ լվանալու ու, իհարկե, բարոյականություն սերմանելու, բայց ոչ երբեք հակառակը:

Միայն ազատությունն է մարդուն տալիս լիարժեք երջանիկ լինելու հնարավորություն: Պետք չէ մոռանալ, որ մեզանից յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները:

 Մեծ սիրով, ազատ մարդ` Արչի

 

Շատ հպարտ եմ, որ հայ եմ, թեև արյանս մեջ հոսում է նաև լեհի արյուն. մորական տատս պատկանում էր Մոցակների ազնվական տոհմին: Իմ մեջ կա հայի հոգեբանություն, որն ունի շատ ճիշտ տրամաբանություն: Մենք ունենք ավանդույթներ, որոնք գալիս են դեռ հեթանոսական ժամանակաշրջանից: Դա, թերևս, ասում է այն մասին, որ մենք ավանդապաշտ ազգ ենք, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր ազգի համար: Հատկապես ուրախանում եմ, երբ դա նկատում եմ երիտասարդության մեջ: Չեմ կարող ասել, որ շատ պահպանողական եմ, բայց կարծում եմ, որ կան որոշ բաներ, որոնք ուղղակի չեն սազում հային և հատկապես` հայ կնոջը: Օրինակ` հայ կնոջը վայել չէ կիսամերկ լուսանկարվել` թեկուզև ամենաէլիտար ամսագրի շապիկին հայտնվելու ակնկալիքով: Էլ չեմ ասում այն մասին, որ շատ աղջիկներ հիշվելու և ճանաչվելու համար պատրաստ են ձեռք բերել սկանդալային մարդու համբավ: Հայ կինը, թեկուզև շոու-բիզնեսի ներկայացուցիչ, պետք է լինի համեստ. դա ամենևին չի նշանակում, որ նա պետք է հետ մնա ժամանակակից կյանքից, չլինի նորաձև, ընդհակառակը` պետք է պարզապես այդ ամենը կարողանալ մատուցել ճաշակով և չափի մեջ: Կարծում եմ` մեր ազգին պակասում է «թիմային մտածելակերպն ու աշխատաոճը», և լավ կլիներ, եթե կարողանայինք լինել միասնական, քանի որ միայն այս դեպքում կկարողանանք համաշխարհային մասշտաբի հաջողությունների հասնել: Մեր հայկական շոու-բիզնեսի առաջատարները, ովքեր չունեն ինքնահաստատման կարիք, հենց այս կերպ են մտածում: Օրինակ` ամենից ամենասրտակեր փեսացուների մեծամասնությունը կարծում է, որ սիրո խոստովանության նախապատվությունը տղամարդունն է, իսկ ամենից ամենացանկալի հարսնացուները պատրաստ են հանուն ապագա ընտանիքի զոհաբերել իրենց փայլուն աստղային կարիերան: Համամիտ եմ այս հայեցակետի հետ, թեև շատ-շատերը կարծում են, որ անմնացորդ նվիրվել եմ իմ սիրած աշխատանքին: Ես հայ քրիստոնյա եմ և իմ պսակադրության ժամանակ ի պատասխան ապագա ամուսնուս` ՏԵՐ ԵՄ խոսքերին, ամենայն անկեղծությամբ կասեմ` ՀՆԱԶԱՆԴ ԵՄ... Կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է:

Ամենից ամենա` Լիաննա Տեր-Մինասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել