ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31891,8 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արդյունքի ծավալը՝ 5351,0 մլն ՀՀ դրամ: Աճ է արձանագրվել շինարարության ծավալի մեջ: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի ներկայացվել է 25 ներդրումային բիզնես ծրագիր՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: 25 ծրագրից 3-ն արդեն հավանության է արժանացել: Արթուր Նալբանդյանը ներկայացրել է Լոռու մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղությունները՝ արդյունաբերություն, արտահանման խթանում, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծում՝ նշելով, որ մարզն ունի այս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ներուժը:
Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին՝ վարչապետն ասել է. «Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին ևս մեկ անգամ անդրադառնալ»:
Համայնքների բյուջեների կատարողականի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է, որ թերպլանավորման տեղ կա, որովհետև համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է Լոռու մարզպետին՝ ներկայացնել համեմատական վերլուծություն համայնքների բյուջեների պլանավորման և կատարողականի վերաբերյալ:
Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքից և ծանոթանալով կատարվող քայլերին՝ հանձնարարել է լինել խիստ հետևողական «Մաքուր Հայաստան»-ի իրականացման գործում, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ: «Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարևոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետև քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը», - ասել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև ներկայացվել են մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական և քաղաքաշինության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ներկայացվել են նաև գյուղական դպրոցներում մասնագետ ուսուցիչների ներգրավման, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման և ոլորտի բարեփոխման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ԿԳ նախարարի հետ քննարկել դրանք և ներկայացնել ռացիոնալ լուծումների տարբերակներ:
Վարչապետին զեկուցվել է նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման, գյուղատնտեսական մասնագիտությունների մասնագետների պատրաստման և վերապատրաստման, հակակարկտային կայանների ներդրման վերաբերյալ: Տեղեկանալով, որ ֆերմերների շահագրգռվածությունը նշված ծրագրից օգտվելու առումով բավական ցածր է՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը բավական շահավետ պայմաններ է առաջարկում, և անհրաժեշտ է պատշաճ, մանրամասն իրազեկել դրա մասին: Մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցի առնչությամբ էլ նշվել է, որ այդ նպատակով մշակվել է համապատասխան հայեցակարգ: Կարևորելով կարճաժամկետ և արդյունավետ դասընթացների կազմակերպումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հայեցակարգը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ:
Ներկայացվել են նաև առողջապահության և սոցիալական ոլորտի խնդիրների լուծման մասով ներկայացված առաջարկությունները: Քննարկվել են, մասնավորապես, մարզի առողջապահական համակարգում բարեփոխման և օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև երեխաների պաշտպանության և ներառական կրթության բնագավառում համալիր բարեփոխումների միջոցառումները: Քաղաքաշինության ոլորտի հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել Լոռու մարզի աղետի գոտու գյուղական բնակավայրերում անօթևան մնացած և շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին մարզպետարանի պատասխանատուների հետ համատեղ քննարկել նշված հարցերը և ներկայացնել առաջարկություններ:
Արծարծվել են նաև մարզում զբոսաշրջության խթանման հնարավորություններին և խոշոր քաղաքների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Ներկայացվել է, մասնավորապես, Վանաձոր քաղաքի զարգացման տեսլականը, որում շեշտը դրվում է ինդուստրիալ տուրիզմի խթանման և քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման միջոցառումների վրա: Վարչապետը ողջունել է գաղափարը և հանձնարարել սեղմ ժամկետում կոնկրետ բիզնես ծրագիր մշակել:
Քննարկման ավարտին վարչապետ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում նման հանդիպումները կանոնավոր են լինելու և միաժամանակ հորդորել մարզային իշխանության ներկայացուցիչներին չսպասել նման այցերի՝ հարցերը բարձրացնելու համար: «Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն, պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջև: Իսկ եթե նախարարներն ուզում են իրենց ծրագրերն իրագործվեն, պետք է մարզպետարանները դարձնեն իրենց դաշնակիցն ու փիլիսոփայության քարոզողը: Ռեգուլյար, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը: Մենք դա ավելի լավ չենք պատկերացնելու ու այս խնդիրները մեկ առ մեկ լուծելով պետք է առաջ շարժվենք», - նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ տարեվերջին, պարզ ձևակերպված հայտանիշներով, գնահատվելու է մարզպետերի աշխատանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել