Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն 4-րդ անգամ Գոլանի բարձունքների՝ Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող հատված են հասել Սիրիայի տարածքից արձակված մի քանի արկեր: Նշված բոլոր միջադեպերն էլ միտումնավոր բնույթ չեն կրել, իսրայելական կողմին նյութական և մարդկային կորուստներ չեն հասցվել, իսկ ստեղծված իրավիճակը հետևանք է Սիրիայի տարածքում՝ Իսրայելին սահմանակից շրջաններում արդեն մի քանի օր շարունակվող թեժ ռազմական գործողությունների: Բանն այն է, որ սիրիական ընդդիմադիր մի քանի խմբավորումներ, միավորվելով «Մուհամմադի բանակ» դաշինքի շրջանակներում, լայնամասշտաբ հարձակման են անցել ալ-Կունայտրա նահանգում տեղակայված սիրիական կառավարական ուժերի և նրանց դաշնակից՝ հիմնականում Իրանի կողմից հովանավորվող տարաբնույթ խմբավորումների դեմ:

Ռազմական գործողություններն ընթանում են փոփոխակի հաջողություններով, երկու կողմերն էլ կրում են պատկառելի մարդկային և նյութական կորուստներ: Հակակառավարական խմբավորումների ակտիվության պատճառը (չի բացառվում՝ նաև արտաքին հովանավորների հրահրմամբ) հավանաբար պայմանավորված է Սիրիայի հարավում և հարավ-արևմուտքում ծավալվող խորքային գործընթացների տրամաբանությամբ, ինչի նպատակն է ինչպես Հորդանանին, այնպես էլ Իսրայելին սահմանակից շրջաններից հեռացնել Իրանի հովանավորությունը վայելող լիբանանյան «Հիզբալլահ» շիայական խմբավորման և մի շարք այլ կառույցների հենակետերը, որոնց համար նշված հատվածներում ամրանալը նաև ռազմավարական նշանակություն ունի:

Վերոնշյալի մասին են վկայում նախ վերջին երկու ամիսերի ընթացքում նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժի ակտիվ միջամտությունը Սիրիայի հարավում ծավալվող գործընթացներին, որը պարբերաբար դրսևորվել է նաև ասադամետ ուժերի դեմ իրականացված թիրախային հարվածներով, ինչպես նաև դիվանագիտական հարթությունում՝ ԱՄՆ-Հորդանան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով կազմակերպված գաղտնի բանակցությունների համատեքստում՝ երկրի նշված հատվածում բացառապես ռուս-ամերիկյան վերահսկողությունը սահմանելու առնչությամբ: Թերևս հենց այս իրողությամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ սիրիացի ընդդիմադիրները ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված Ռուսաստանին ներկայացված նախապայմանների շարքում առանձնահատուկ կերպով ընդգծել են «Հիզբալլահի» և իրանամետ այլ խմբավորումների կողմից Դարաայից ու ալ-Կունայտրայից անհապաղ կերպով դուրս գալու պահանջը, նաև հատկապես Հորդանանի հետ սահմանագծից առնվազն 50 կմ հեռավորությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Ինչ խոսք, դեռևս վաղ է կանխատեսել՝ ինչպիսի ընթացք կստանան զարգացումները նաև Սիրիայի նշված շրջաններում: Թերևս ակնհայտ է այն հանգամանքը, որ երբեմնի միասնական Արաբական Հանրապետության տարածքում աստիճանաբար ավելի ընդգծված տեսք են ստանում բաժանարար գծերը, որոնց շրջանակներում առավել պարզորոշ կերպով են ուրվագծվում մի կողմից տարբեր արտաքին դերակատարների շահերը, մյուս կողմից՝ նաև այդ շահերով պայմանավորված՝ ներկայումս միևնույն ճամբարում գործող խաղացողների (Ռուսաստան, Իրան) միջև հնարավոր տարաձայնությունների առանցքը:

Հ.Գ. Չնայած Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արկակոծման հետևանքով հրեական պետությունը որևէ կերպ չի տուժել, այնուամենայնիվ, Իսրայելի պաշտպանության բանակի արձագանքը, համաձայն ընդունված մարտավարության, բավական կոշտ է եղել. վերոնշյալ բոլոր 4 միջադեպի պարագայում էլ «Ցահալը» պատասխանել է օդուժի կիրառմամբ՝ խոցելով սիրիական կառավարական ուժերի առնվազն 1 մարտական դիրք, 2 տանկ, որոշ տվյալների համաձայն՝ հասցնելով նաև մարդկային կորուստներ՝ 2 զոհ, 5 վիրավոր: Իսկ Թել Ավիվի գործելաոճի դեմ պաշտոնական Դամասկոսի պատասխանը, ինչպես նախկինում, դիվանագիտական հարթության մեջ էր՝ քաղաքական և տեղեկատվական բնույթի մեղադրանքներ՝ ուղղված իսրայելական կողմին՝ «ահաբեկիչների» գործողություններին աջակցելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել