Barometer.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Դրական գնահատելով հայ-չեխական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն ընդլայնելու և խորացնելու հարցում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և սատարում է Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:

"Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի ժողովուրդը կառուցում է ժողովրդավարական երկիր: Թե Հայաստանը, թե Արցախը եվրոպական արժեհամակարգի և քաղաքակրթության լիարժեք կրողներն են",- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Այս համատեքստում կողմերն անթույլատրելի են համարել ռազմական հռետորաբանությունը և խնդրի ռազմական լուծումը:

Լուկաշ Կաուցկին դրական է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը և ընդգծել, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը: Չեխիայի արտաքին գործերի փոխնախարարը բարձր է գնահատել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու որոշումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել