Մեր կյանքում շատ են լինում ձախողումներ՝ մեծ կամ փոքր։ Կարևոր չէ՝ մեքենան սյանն եք հարվածել, քննություն կամ կարևոր ելույթ եք ձախողել, թե չեք նկատել, որ Ձեր արտաքին տեսքում մի բան այն չի եղել, ու բոլորը ծաղրել են Ձեզ. եղածը եղած է։ Եթե Դուք ողջ-առողջ եք, մնացած ոչինչ կարևոր չէ։ Ձախողումից հետո ուշքի գալու համար մեկ կանոնը հետևյալն է. ընդունի՛ր այն, անցի՛ր առաջ։
Post-mortem

Post-mortem-ը թարգմանվում է «մահից հետո»։ Այդպես են կոչում բժիշկների կողմից հիվանդի մահից հետո նրա դիահերձումը՝ մահվան պատճառները կամ այլ արատներ գտնելու ու ստուգելու նպատակով։
Դուք ողջ եք, բայց դժվարանում եք առաջ ընթանալ սխալից հետո։ Այդ պատճառով էլ ինքներդ պետք է իրականացնեք Ձեր post-mortem-ը։ Վերլուծե՛ք իրավիճակը ու փորձե՛ք հասկանալ՝ որտեղ եք սխալվել։ Կարող եք ներգրավել նաև Ձեր ընկերներին կամ մտերիմ մարդկանց։ Իրավիճակին դրսից նայելով՝ հաճախ նրանք ավելի լավ կարող են հասկանալ՝ որն է խնդիրը։
Ներողամտություն

Եթե խոսքը գնում է ինչ-որ շատ կարևոր բանի մասին, ապա ինքներդ Ձեզ ժամանակ տվեք՝ մտածելու, Ձեր զգացմունքներն արտահայտելու։ Հոգ տարե՛ք Ձեր մասին այնպես, ինչպես կանեին Ձեր հարազատ մարդիկ։ Երբեմն մենք ինքներս կարող ենք լինել մեր ամենավատ թշնամին։ Այնպես որ, բարի եղե՛ք ինքներդ Ձեր հանդեպ։
Վերջնաժամկետ

Ձախողումներից հետո պետք է ամեն բան սկսել նորից։ Կախված թույլ տված սխալի բնույթից՝ դրա համար կարող է ժամեր կամ մի քանի շաբաթ պահանջվել։ Մի լավ տխրելուց հետո ժամանակն է առաջ շարժվելու։ Այնպես որ, լավ կանեք՝ վերջնաժամկետ սահմանեք ինքներդ Ձեզ համար։ Հասկացե՛ք՝ որքան ժամանակ է Ձեզ պետք՝ ուժերը վերականգնելու ու եղածը ետևում թողնելու համար։
Հոգեկան առողջություն

Հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում մեր հոգեկան առողջությանը՝ թողնելով, որ ամեն չնչին բան վնաս հասցնի դրան։ Մարդիկ իրենց համար ամենակարևոր բաների ցանկում առանձնացնում են ընտանիքը, աշխատանքը, տունը, գումարն ու հանգիստը։ Շատ հազվադեպ է պատահում, որ որևէ մեկը երջանկությունը կամ հոգեկան կայունությունը ընդգրկի նախապատվությունների առաջին հնգյակում, մինչդեռ դրանք չափից դուրս կարևոր են յուրաքանչյուրիս համար։ Կարող եք զբաղվել մեդիտացիայով։ Մանավանդ հիմա՝ մեր օրերում, ամեն բան այնքան է հեշտացել, որ նույնիսկ մեդիտացիայի հավելվածներ կարող եք ներբեռնել համացանցից։
Մարզումներ

Ընկճված ժամանակ հեշտ է մի կողմ թողնել առողջ ապրելակերպի սովորությունները։ Սակայն դա, միանշանակ, վատ միտք է։ Այդպիսի ժամանակ վարժություններ անելը, մարզվելն ավելի կարևոր են։
Սթրեսների կառավարում

Ձախողումներն ու անհաջողությունները հանգեցնում են որոշակի աստիճան անհանգստության, այնպես որ, ճիշտ ժամանակն է ստուգելու՝ կարողանո՞ւմ եք կառավարել սթրեսը, թե՞ ոչ։ Ալկոհոլը կամ սո՞ւրճն են օգնում Ձեզ թարմանալ։ Նախընտրում եք փակվել սենյակում ու քնե՞լ՝ ուղեղն անջատելու համար։ Չափից շա՞տ եք ուտում, թե՞ սովամահ լինում։
Դրա փոխարեն զբաղվե՛ք յոգայով, մեդիտացիայով կամ շնչառական վարժություններ արեք։
Ներողություն խնդրել

Մարդիկ վատ ժամանակներ ապրելիս հաճախ նեղացնում են այլ մարդկանց։ Մեղադրելու չէ. հաճախ մենք այնքան վատ վիճակում ենք լինում, որ առանց հասկանալու ենք վիրավորում մեր մտերիմների ու այլ մարդկանց զգացմունքները։ Սակայն կարևոր է ընդունել սխալն ու պատշաճ ձևով ներողություն խնդրել նրանցից, որպեսզի երկուսդ էլ հանգիստ լինեք։
Ապագայի պլանավորում

Պատկերացրե՛ք այն կյանքը, որ ուզում եք ունենալ։ Հասկացե՛ք՝ ինչպիսին եք ուզում լինել ինքներդ, ինչպե՞ս պետք է ավելի լավը դառնաք ու Ձեր կյանքն էլ ավելի լավը դարձնել։



