168.am-ը գրում է․
Հարցազրույց Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան-հոգեթերապևտ Սիրինա Առաքելյանի հետ։
– Տիկի՛ն Առաքելյան, կորոնավիրուսից հետո եռակի լարվածությունը մեծացավ, քանի որ սկսվեց պատերազմ՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից։ Ինչպե՞ս կարող են մեր հայրենակիցները հաղթահարել այս գերլարվածությունը։
– Ընդհանրապես 2020 թվականը բավական բարդ տարի է, սկսվեց գրեթե աննախադեպ համաճարակային իրավիճակով, որին հետևեցին համաճարակից ու որոշ անհրաժեշտ սահմանափակումներից բխող սոցիալ-տնտեսական դժվարությունները։
Այս ընթացքում մարդիկ և՛ այս սոցիալ-տնտեսական, և՛ մեկուսացման հոգեբանական հետևանքների հաղթահարման, դրանց հարմարվելու, ադապտացվելու համար արդեն բավական շատ ջանքեր էին գործադրում։ Պատերազմը բազմապատկեց սթրեսային ապրումները։ Առաջին պահին փորձի հիման վրա մտածում էին, որ կարճ կտևի, ավելի արագ ավարտ էին սպասում, սակայն աստիճանաբար թե՛ զոհերի, կորուստների, թե՛ անորոշ ու ձգվող բնույթի պատճառով սթրեսն ավելի խորացավ։ Սակայն մյուս կողմից էլ՝ մարդիկ տարբեր ճանապարհներով փորձում են ինքնուրույն ադապտացվել, գերլարվածությունը հաղթահարել։
Գերլարվածությունը մի քանի հիմնական պատճառներից կարող է առաջանալ, որոնցից են մարդկային կորուստները, մեղքի զգացումը, անորոշությունը։ Մի մասը հայրենասիրության ու պատասխանատվության բարձր զգացմամբ կամավորագրվել են, որպեսզի իրենք մասնակից լինեն ու կարողանան իրենց ներդրումն ունենալ այս դժվարին իրավիճակի հաղթահարմանը։
Այս կամ այն պատճառով նման հնարավորություն չունեցողները որևէ կերպ փորձում են օգտակար լինել մարտադաշտում կռվողներին՝ քողարկիչ ցանցեր գործելով, անհրաժեշտ տարբեր սարքավորումներ ու իրեր ձեռք բերելով, մյուսներն էլ՝ դրամական միջոցներ տրամադրելով։ Սա բավական օգնում է շատերին հաղթահարել մեղքի զգացումից առաջացած գերլարվածությունը։
Մի մասը սոցիալական ցանցերի ու մեդիահարթակներում զուգահեռ պատերազմներ է վարում՝ լավ հասկանալով, որ մեր օրերում և հատկապես այս դեպքում հսկայական աղավաղված ու թյուր ինֆորմացիայի հոսքը երբեմն ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Սա մի կողմից՝ լարվածությունը թուլացնող հետևանքներ է ունենում, սակայն հաճախ նաև՝ ավելացնող, քանի որ բավական տհաճ ու անմարդկային երևույթների է հնարավոր բախվել այս դեպքում․․․
Մյուսները հստակ, հավաստի ու կոնկրետ ինֆորմացիա են հավաքում, փորձում վերլուծել, կանխատեսումներ անել, իսկ հավաստի ինֆորմացիան ևս նպաստում է լարվածության թուլացմանը։ Երբեն մարդկանց թվում է, թե լաց լինելն ավելորդ է, սակայն սա ևս կարող է նպաստել հույզերի արտահայտմանը, թուլացնել գերլարվածությունը։ Մի մասին օգնում են աղոթքները, մեդիտացիաները և այլն։
– Ակներև է, որ կա մեդիագրագիտության պակաս․ ինչ տեղեկատվություն կա համացանցում՝ հավատում են, խուճապի մատնվում․ ինչպե՞ս հասնել նրան, որ ամեն ինֆորմացիա որպես ճշմարտություն չընդունեն։
– Դե, պետք է կրթվեն, ինքնակրթվեն, չնայած դրան ուղղված բազմաթիվ ուղղորդումներ, կանոններ կան, որոնք տարբեր հեռուստաալիքներով ու նույն սոցցանցերով անընդհատ պտտվում են կոչերի, տեսաուղերձների ձևով։ Այս խնդրի լուծումը միայն հստակ պաշտոնական կայքերի ու ալիքների տեղեկատվությանը հետևելն է և հասկանալը, որ ամենաանհեթեթ ու անարժանահավատ լուրն անգամ ձեր դիտելու արդյունքում կարող է շատ տարածվել ու համաշխարհային մեդիադաշտում արժեք ունեցողի տպավորություն թողնել։
– Նախքան ռազմաճակատ մեկնելը կամավորների հետ հոգեբան աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, որքանո՞վ է կարևոր սա։
– Որքան տեղյակ եմ՝ կամավորների հետ նախքան մեկնելը հոգեբան չի զրուցում։ Այս պահին հոգեբանների մի մեծ բանակ աշխատում է, սակայն ավելի շատ՝ պատերազմի հետևանքներին առնչվող դեպքերի հետ․ պատերազմական տարբեր սթրեսների հաղթահարում, դրանց ախտորոշում, հստակեցում, վիրավորներ, առողջական սթրեսներ (մարմնի մասերի ամպուտացիա, ֆիզիկական կերպարի փոփոխություն, ընկերների կորուստներ, հարազատների կորուստներ, երեխաների ու մեծերի վախեր և այլն)։
Չկա բանաձև, որ ասեք՝ սա արեք, կշեղվեք։ Պատերազմն իր դաժանություններով պիտի ապրվի։ Եթե մենք կոնկրետ երևույթից վատ ենք զգում, դա չի նշանակում, որ դա նորմալ չի։ Մյուս կողմից էլ՝ հենց պատերազմական իրավիճակը ստիպում է, որ մարտադաշտում գտնվող զինվորն արագ կողմնորոշվի ու ինքն իրեն կառավարի, այդ պահին ստիպված շեղվում, այլ գործողություններ են անում։ Ու պատահական չէ, որ պատերազմական գերծանր սթրեսները շատ հաճախ վաղ շրջանում չեն դրսևորվում, մարդը նորմայի մեջ շարունակում է գործել, խնդիրներն ավելի ուշ են սկսում, նույնիսկ կարող են դրսևորվել մոտ կես տարի անց (հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքեր)։ Պատերազմական իրավիճակում շատ կարևոր են մարտական ընկերների հետ փոխհարաբերությունները, որոնք ևս, կարծում եմ, նման իրավիճակներում տրանսֆորմացվում, գերուժեղ կապերի են վերածվում։ Մարտական ընկերների ու հրամանատարական կազմի խոսքը, ոգևորումը չափազանց կարևոր նշանակություն ունեն։
– Հաճախ ղեկավարների հայտարարությունները՝ ուղղված հատկապես դրսի լսարանին, շատ ծանր են ընդունվում ժողովրդի կողմից․ պե՞տք է հոգեբանի հետ զրուցել ելույթներից առաջ, միասին կազմել տեքստը, ընտրել բառեր․․․
– Ընդհանրապես, ցանկացած ղեկավար ունենում է խորհրդատու, որ նաև հոգեբան կարող է լինել, որ օգնում է կազմել տեքստեր, վերլուծում է դրանց հնարավոր հոգեբանական հետևանքները։ Տեղյակ չեմ, թե մեր ղեկավարներն ունե՞ն ելույթների տեքստերի վերլուծությամբ զբաղվող հոգեբան, սակայն կարող եմ նշել, որ պատերազմական իրավիճակում հնարավոր է՝ հաճախ անհրաժեշտություն է լինում հրատապ ելույթների, և հնարավոր է, որ հաճախ չի ստացվում դրանց վերլուծությունն ու խմբագրումը։ Մյուս կողմից էլ՝ մարդիկ, լսարանը գերլարված է, ու շատ հաճախ նույնիսկ չեզոք տեքստը կարող է գերլարում ու գերհուզմունք առաջացնել, հատկապես, եթե անորոշության տարրեր է պարունակում։