Ադրբեջանում երեկ տոն էր․ ադրբեջանցիների ազգային փրկության տոնն էր նշվում։
1993թ․-ի հունիս 15-ին Հեյդար Ալիևը դարձել է ԱՀ խորհրդարանի նախագահ, և 1997թ․-ից այդ օրը նշվում է որպես տոն ոչ թե Ալիևների նեղ ընտանեկան միջավայրում, այլ ամբողջ Ադրբեջանում։
Տեղի ունեցածն ամենևին փրկության տպավորություն չի թողնում, եթե, օրինակ, իրադարձությունների շարքին նայես Ալի Քյարիմլիի կամ թեկուզ Ադրբեջանի միջին վիճակագրական քաղաքացու աչքերով։
Ի՞նչ է տեղի ունեցել․
- Նախ՝ Հեյդարին բերեց և խորհրդարանի նախագահ դարձրեց հենց Էլչիբեյը, այսինքն՝ որևէ հատուկ ջանք նա այդ պաշտոնի համար չի գործադրել։ Իհարկե, կա տեսակետ, որ Սուրաթ Հուսեյնովին հենց Հեյդարն էր դրդել ապստամբության՝ ընթացող պատերազմի պայմաններում Էլչիբեյին անելանելի վիճակի մեջ դնելու և իշխանությունը զավթելու համար, բայց նույնիսկ այդ պարագայում ասվածի էությունը չի փոխվում։
- Հեյդարը իշխանության գալուց հետո ոչ միայն չկարողացավ վերցնել հայոց բանակի կողմից ազատագրված տարածքները, այլև «կորցրեց» նորերը։
- Կնքեց «Դարի պայմանագիրը», որն այսպես, թե այնպես կնքվելու էր, քանի որ Էլչիբեյն արդեն իսկ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք էր կատարել։
- ԱՀ հասարակ քաղաքացին իրեն զգում է ոչ թե փրկված, այլ գերեվարված, ստրուկ, և պատահական չէր, որ հենց Հեյդարի ծննդյան օրն իր իսկ արձանի վրա գրվեց․ «Ստրուկի մեր տոնը շնորհավոր»։
Շարքը կարելի է դեռ շարունակել, սակայն այսքանն էլ բավական է հասկանալու համար Փրկության տոնի ծիծաղելի լինելը և այդ տոնի հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքը։