Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության շենքի դիմաց  հավաքված ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակման գործով 2 մարդ է ձերբակալվել:

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում փակված Zaman թերթի կայքը, որն իր գործունեությունը շարունակում է Հոլանդիայից, քանի որ Թուրքիայում արգելվել է:

Ձերբակալվածներից մեկը ազգությամբ թուրք Էյուփ Յըլդըրըմն է, ով Էրդողանի թիկնազորի անդամների հետ միասին ծեծի էր ենթարկել խաղաղ ցուցարարներին: Նշվում է, որ ԱՄՆ-ում շինարարական ընկերություն ունեցող Յըլդըրըմը հարձակման ժամանակ գտնվել է առաջին շարքերում, ինչն արձանագրել են տարածքի տեսախցիկները:

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեին դիմած տուժածներից Լյուսի Ուսոյանը ցուցմունք է տվել Յըլդըրըմի դեմ՝ հայտնելով, որը վերջինը անձամբ ծեծի է ենթարկել իրեն: Աղբյուրը նշում է, որ տեսանյութերում նույնպես պարզորոշ երևում է, թե ինչպես է Յըլդըրըմը ոտքով հարվածներ հասցնում գետնին ընկած ցուցարարին:

Կալանավորված երկրորդ անձի ինքնությունը դեռևս չի նշվում:

Հողորդվում է, որ մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ առանձին հետաքննություններ է իրականացվում Վաշինգտոնի ոստիկանության, ԱՄՆ-ի արտգործնախարարության և ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել