Վերջին օրերին շատ է խոսվում Արմեն Աշոտյանի քաղաքական վարկանիշի մասին: Հիմնական դատողությունները կատարվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ Աշոտյանը ստացել է 36 դեմ քվե:
Եթե սա դիտարկենք վարկանիշի տեսանկյունից, մենք այդ բառը չենք կարող ընկալել իր դասական իմաստով, քանի որ Աշոտյանը ստացել է ոչ թե հասարակության դեմ քվեն, այլ ընդդիմադիր պատգամավորների: Իսկ պատգամավորի տեսանկյունից վարկանիշն այլ բան է նշանակում, և պատգամավորը քվեարկում է քաղաքական շարժառիթներից ելնելով: Այսպիսով` այդ քվեարկությամբ կեղծ բարեկրթության և համերաշխության պատրանքն անհետացավ և ԲՀԿ-ն չդիմացավ առաջին իսկ փորձությանը։
Նկատենք նաև, որ Ծառուկյան դաշինքը դեմ է քվեարկել միայն Աշոտյանի թեկնածությանը, իսկ հանրապետական մյուս թեկնածություններին կողմ է եղել: Այսինքն` այս պարագայում նա փորձել է «քցել» Հանրապետական կուսակցությանը` խախտելով քաղաքական պայմանավորվածությունը: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ականները չեն կարողանում մարսել Աշոտյանի հետ ունեցած հին հաշիվները, ինչը ստիպել է նրանց գնալ անգամ քաղաքական պայմանավորվածությունների խախտման: