Նախագահի ելույթի միակ նպատակը համակարգի պահպանությունն է, այլ նպատակ և իմաստ չկա: Նախ, համատարած կաշառք բաժանած էլիտան, որքան էլ ցանկանա, միևնույն է, չի կարող արդար պետություն, չկոռումպացված տնտեսություն կառուցել ամենաքիչը դրանց համար էլիտայի անհրաժեշտ վարքաբանության ու մտածելակերպի բացակայության պատճառով: Ուրեմն, այստեղ առկա է համակարգային խնդիր, որն էլ առիթ է հանդիսանում նմանօրինակ ելույթների համար:
Համակարգը, լինելով կենդանի օրգանիզմ, պետք է զարգանա, այն չի լարող հավերժ ստատիկ կայունության ռեժիմում մնալ, պետք է լինի փոխարկելի, այսինքն անցում կատարի մի որակից մեկ այլ որակի: Մասնագիտական տերմինով ասած համակարգը պետք է լուծի իր ադապտացիայի խնդիրը փոփոխվող իրականության նկատմամբ:
Իշխանությունը, գոնե բնազդաբար, դա զգում է, և ստիպված է լինում համակարգի այդ պահանջմունքը բավարարելու ինչ-որ փորձեր անել: Բայց, քանի որ ի վիճակի չէ բովանդակային փոփոխություն անել, որակ ստանալ, ապա դրսևորվում է ձևի մեջ: Դրա համար էլ երբեմն-երբեմն նախագահի նման ելույթներ են լինում, վարչապետեր են փոխվում, ռեֆորմների նոր փուլեր են հայտարարվում և այլն: Նրանք զգում են, որ թեև ստատիկ վիճակն իրենց ձեռնտու, բայց նաև վտանգավոր բան է:
Այսօրինակ քայլերը, իհարկե, որոշ կարճաժամկետ էֆեկտներ կարող են ապահովել, մասնավորապես, լուծել համակարգի կարևորագույն կողմնորոշման բաղադրիչի հարցը. մարդկանց մեջ որոշ հույսեր արթնացնել, միֆերով մոբիլիզացիա ապահովել, զսպել նրանց դժգոհությունները քաղաքական մասնակցության վերաճելու ռիսկը և այլ խնդիրներ լուծել: Սակայն, երկարաժամկետ առումով, համակարգերն անհրաժեշտություն ունեն որակական փոխարկելիության, հատկապես տնտեսական ասպեկտով:
Եթե ձևական քայլերով, ինչ-որ իմաստով, հնարավոր է հանրային կողմնորոշման հարց լուծել, ապա տնտեսական բաղադրիչը, լինելով ամենաչափելի և առարկայական ասպեկտն այս ամենում, իմիտացիաներով անհնար է սնել:
Եվ եթե չկան բովանդակային քայլեր, ապա համակարգը չի կարող լինել ճկուն և ադապտացվել փոփոխվող իրականությանը: Արդյունքում, ճգնաժամերի ռիսկը սկսում է մեծանալ, որն էլ օրենքի ցածր ինստիտուցիոնալացման, բայց, փոխարենը, բարձր կրիմինալ ու կոռուպցիոն համակարգի պայմաններում հղի է քաղաքական անկայունության և համակարգի փլուզման բարձր ռիսկայնությամբ: