Ինչպես և կանխատեսվում էր, Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, հօգուտ գործող նախագահ Հասան Ռոհանիի, հրաժարվեց ընտրապայքարից:
Մայիսի 19-ին ընտրության իրավունք ունեցող շուրջ 57 միլիոն քաղաքացի պետք է ընտրություն կատարի բարեփոխական Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռայիսիի միջև:
Դատելով հատկապես սոցիալական ցանցերում այս երկու թեկնածուների իրականացրած քարոզչության լուսաբանումից՝ նախօրեին Թեհրանի քաղաքապետի հրաժարականը պահպանողականների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել, և Էբրահիմ Ռայիսիի՝ այս օրերին անցկացրած քարոզչական արշավներին մասնակիցների թիվն անցնում է 100 հազարից:
Այսօր Էբրահիմ Ռայիսիին նաև իր աջակցությունն է հայտնել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին, որը մինչև Ռոհանիի պաշտոնավարումը միջուկային հարցով Իրանի հիմնական բանագնացն էր: Ջալիլիի աջակցությունը կարող է նաև ակնարկ լինել առ այն, որ Ռայիսիի ընտրության դեպքում Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ կվերանայի իր քաղաքականությունը:
#IranVote2017
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել