Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունը, ըստ էության, հացադուլի ավարտն է ազդարարում: Անտրամաբանական կլինի շարունակել հացադուլը այն պայմաններում, երբ սուբյեկտը, որին ուղղված է հացադուլը, բացել է կլոր սեղանը բանակցությունների համար՝ ձգձգելով սեղանի դիզայնի մի քանի շտրիխները միայն՝ ջերմուկ, սուրճ և ժպիտ՝ կիսահաղթ, կիսակառուցողական: Փաստորեն սրընթաց թևակոխում ենք նոր դարաշրջան՝ բանակցություններ իշխանությունների հետ...
Քաղաքական գործիչները ունեն կենսակերպի կոմպլեքսներ, որոնց խախտումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Օրինակ՝ նրանք չեն կարող փողոցում արևածաղիկ չրթել, հասարակության մեջ խնչել՝ որքան էլ վարպետորեն դա արվի, ինչպես նաև հրապարակային, հատկապես գրավոր հայտարարություններում սխալներ թույլ տալ: Ինձ համար խիստ մտահոգիչ էր Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան նամակի ձևակերպումը՝ «Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ եւ կանխակալ համոզումներ, այդուհանդերձ առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը»:
Ինձ համար շատ մտահոգիչ է, որ քաղաքական գործիչը քաղաքական ճգնաժամի հաղթահարման իր հայեցակարգը ձևակերպում է բանակցություններ եզրի շրջանակներում: Եթե դա լիներ երկխոսություն, ինձ համար շատ ավելի ընկալելի կլիներ, որովհետև երկխոսությունը շանս է՝ հակադիր քաղաքական բևեռները մերձացնելու համար: Բանակցությունները բոլորովին այլ օրակարգ են ենթադրում՝ սա ինձ, սա քեզ, սա Օստապ Իբրահիմովիչին...
Անկեղծորեն չէի ցանկանա, որ ընդդիմադիր հասարակական սեկտրի համախմբումը օգտագործվեր որպես մասովկա՝ բանակցությունների ֆոնին արժույթի տատանման համար: Այդ դեպքում հասարակությունը կատարում է սոսկ վերջերս շատ քննարկված հայության հայտնի հատվածի զորքի ֆունկցիաները: Ի վերջո դուք մտնում եք մի գործընթացի մեջ, որի արդյունքը հայտնի է:
Բանակցելով իշխանությունների հետ՝ կորցնում եք Ազատության հրապարակը, կորցնելով Ազատության հրապարակը՝ գնում եք ապրելու ապահով Հայաստանում...
Հ.Գ. Բոլոր պոտենցիալ քոմենթագիրներին՝ ես անգրագետ չեմ և շատ լավ եմ հասկանում բանակցությունների և երկխոսության տարբերությունը, ինձ բացատրել պետք չէ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել