Կոլումբիայի հյուսիսային Արխոնա քաղաքում ցլամարտն ավարտվել է ողբերգությամբ: Կոլումբիացիների կողմից «կորալեխա» անվանված ցլամարտում զոհվել են երկու մարդ, եւս 44-ը` վիրավորվել են:
Զոհվածներից մեկը` 46-ամյա Դենիել Կարդոնան, վիրավորվել է հենց սրտի հատվածում եւ մահացել է տեղում: Մյուս տղամարդը մահացել է հիվանդանոցում, ցլի կողմից ստացած վնասվածքների հետեւանքով:
«Կորալեխա»-ն փառատոնի միջոցառումներից մեկն էր, որը մեկնարկվել էր մարտի 24-ին: «Կորալեխան» անցկացնելու համար կանգնեցվում են փայտե ցանկապատներ, որոնք եզերում են տրիբունան: Այն սահմանում է տարածությունը, որտեղ բաց են թողնվում մոտ 30 ցուլ եւ անսահմանափակ քանակով ինքնուս ցլամարտիկներ: Հաճախ մարդիկ այդ տարածքում հայտնվում են իրենց կամքից անկախ` նրանց այդտեղ հրում են տրիբունայից: Ի տարբերություն ցլամարտի` այստեղ գրեթե չեն սպանում ցլերին: Եթե նման դեպքեր լինում են, հարուստ հանդիսատեսները վճարում են ցլամարտիկին: Սովորաբար մասնակիցները բեմ են ելնում անվճար, ուղղակի սուր զգացողություններ ապրելու համար, գրում է NEWSru.com-ը:
Կոլումբիայի կենդանիների պաշտպանները բազմիցս են հանդես եկել այդպիսի բազմատեսակ ցլամարտերի դեմ` պահանջելով արգելել դրանք, սակայն Սահմանադրական դատարանը որոշել է, որ ցլամարտերը երկրի մշակութային ավանդությունն են եւ դրանք պետք է պահպանել, գրում է Colombia Reports-ը: