Երբ տարիներ շարունակ վարչապետն ու իր ղեկավարած կառավարությունը առկա խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրներ էին ստեղծում, ԲՀԿ-ն այլևս կոալիցիա չկազմեց, իսկ իրերն իրենց անուններով կոչելը կարծես զարմացնում է որոշ ՀՀԿ-ականների: Այսօր էլ՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը փորձում է հասարակությանը շեղել իրական խնդիրներից ու սին մեղադրանքներ է հնչեցնում մեր կուսակցության հասցեին՝ մոռանալով, որ թե՛ խորհրդարանի, թե՛ Երևանի ավագանու մեծամասնությունը, որոշում կայացնողն ու մերժողը իրենց կուսակցությունն է, որը ոչ միայն գարնան շրջանում, այլև տարիներ շարունակ տառապում է բազմաթիվ ախտանիշներով, որոնց բուժումը նրանցից ազատվելն է: Հանրապետական կուսակցությունը, չփոխելով իր գործելաոճը, բոլոր ժամանակներում ժողովրդի առջև իրենց ստանձնած պարտավորությունների չկատարումը փորձում է բարդել մեծամասնություն չկազմող մյուս ուժերի վրա՝ իրենցից շեղելով հասարակության ուշադրությունը, ինչն արդեն կանխատեսելի ու ծիծաղելի է դարձել:
Կցանկանայի նաև արձագանքել ՀՀԿ-ական որոշ պատգամավորների, մասնավորապես Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի մտքերի փայլատակումներին: Խլուրդային քաղաքականությունից խոսում է մի գործիչ, որն իրավունք չունի վիրավորելու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, և որի գործունեությունը բնութագրելու համար հասարակության մի ստվար զանգված չի վարանի կենդանական աշխարհից մի շարք ավելի վատ ու ավելի վառ օրինակներ բերել: Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի՝ գողեր ու ավազակներ փնտրելու կոչին, ապա վստահ եմ, որ հասարակությունը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը, ովքեր ուշ թե շուտ կրելու են իրենց արժանի պատիժը: Կցանկանայի շեշտել, որ մեզ ֆեոդալիստական նկրտումների մեջ մեղադրողները Հայաստանում վերջին տարիներին ձևավորված հասարակարգի գլխավոր պատասխանատու կուսակցության ներկայացուցիչներն են:
Հ.Գ. Իհարկե, Երևանը Բաստիլը չէ, բայց վստահ եղեք, որ մայիսի 5-ը լինելու է Ձեր «Վաթերլոոն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել