Картинки по запросу вальдорфская педагогика«Յուրաքանչյուր աստվածացման ճանապարհի գիտելիք կամ ճանաչողություն, որը հայտնված չէ Քրիստոսով և հիմնված չէ Քրիստոսի դավանության վրա, սատանայից է»։

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, «Ես եմ ճանապարհը».

Այս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել վալդորֆյան մանկավարժության գաղափարական ակունքները և դրա հետ կապված հոգևոր ռիսկերը՝ քրիստոնեական ուղղադավան ընկալման դիրքերից։ Այս հոդվածը նպատակ չունի վիրավորել կամ մեղադրել այն մարդկանց, ովքեր բարի նպատակներից ելնելով՝ իրենց երեխաներին ուղղորդել են վալդորֆյան դպրոց՝ հիմնվելով դպրոցի կողմից հանրությանը հրամցվող դրական գույների ու հեղինակության վրա:

Հոդվածի միակ նպատակն է` հնարավորինս իրազեկել կամ նախազգուշացնել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, սակայն իրենց երեխաների կրթությունը վստահել են վալդորֆյան մանկավարժական օջախներին կամ ինչ-ինչ պայմանների ելնելով՝ փորձում են իրենց հոգևոր աշխարհայացքը համերաշխել, արժևորել կամ լրացնել անտրոպոսոֆիայի միջոցով:

Քրիստոնեությունը փորձել բացատրել կամ հաշտեցնել իրենից տրամագծորեն հակադիր գաղափարախոսությունների (տվյալ դեպքում՝ անտրոպոսոֆիայի) հետ, կոպիտ սխալ է:

Բացի այդ՝ Հայաստանում վալդորֆյան մանկավարժությունը ներկայացված է որպես այլընտրանքային կրթություն (ի դեմս «Արեգնազան» դպրոցի, «Ծիլ բուսաց» և «Դեղին արտույտ» մանկապարտեզների), սակայն գրեթե չկան վերլուծություններ վալդորֆյան մանկավարժության հոգևոր և մտավոր վտանգների մասին՝ ի տարբերություն այլ երկրների (հղումները հոդվածի վերջում)։ Ուստի, կներկայացնենք վալդորֆյան մանակավարժության ակունքները, գաղափարախոսությունը և Հայաստանում դրա պատմությանն ու գործունեությանն առնչվող որոշ դիտարկումներ՝ համապատասխան մեկնաբանություններով ու եզրակացություններով:

Ռուդոլֆ Շտայները և «անտրոպոսոֆիա» կոչվող հակաքրիստոնեական կրոնական միքստուրան

Վալդորֆյան մանկավարժության հիմնադիրն ավստրիացի միստիկ փիլիսոփա, օկուլտիստ, «անտրոպոսոֆիա» էզոթերիկ ուսմունքի հիմնադիր Ռուդոլֆ Շտայներն է (1861-1925)։

Անտրոպոսոֆիան հրաժարվում է աստվածային իմաստությունից՝ հանուն մարդկային իմաստության։ Չնայած իր ուսմունքին տրված «քրիստոնեական» երանգին, այունամենայնիվ, անտրոպոսոֆիան ոչ միայն կապ չունի քրիստոնեության հետ, այլև հակաքրիստոնեական է իր ողջ բովանդակությամբ և գործունեությամբ։ Անտրոպոսոֆիան կարողանում է զարգանալ առաջին համաշխարհային  պատերազմի հետևանքով Գերմանիայում առաջացած հոգևոր, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Ավանդական եկեղեցիների դիտարկմամբ անտրոպոսոֆիան պատկանում է «Նյու-Էյջ» աղանդավորական շարժման խմբին:

Վալդորֆյան մանկավարժության մանկավարժական և հոգեբանական թերությունները

Վալդորֆյան մանկավարժության հիմքը դրվում է 1919 թվականին, երբ «Վալդորֆ-Աստորիա» ծխախոտի ֆաբրիկայի տնօրեն Է. Մոլտն առաջարկում է Ռ. Շտայներին ֆաբրիկայի բանվորների և ծառայողների համար դպրոց հիմնել: Դպրոցի դասավանդման մեթոդի համար Ռ. Շտայները հիմք է ընդունում իր կողմից ստեղծված անտրոպոսոֆիայի ուսմունքը։

Սակայն պետք է նշենք, որ Ռ. Շտայների մանկավարժությունը արդեն արդիական չէ գիտության, մարդաբանության և անձի զարգացման ներկայիս գիտական աշխարհում:

Վալդորֆյան մանկավարժության մեջ առկա են մի շարք հակասություններ. մի կողմից այն ներկայացվում է որպես առաջատար մանկավարժություն, մյուս կողմից՝ գիտական հոգեբանական հենքը, որի հիման վրա Ռ. Շտայները կառուցել էր իր մանկավարժությունը՝ այլևս արդիական չէ:

Ուսումնասիրելով Ռ. Շտայների ողջ ուսմունքը և մասնավորապես վալդորֆյան մանկավարժությունը, ակնհայտ է դառնում որ Ռ. Շտայները մերժում է բոլոր գիտությունները և գիտական բացահայտումները, որոնք դեմ են իր անտրոպոսոֆիական ուսմունքին:

Վալդորֆյան դպրոցները և էլիտիզմի մեղքը

Վալդորֆյան դպրողները անտրոպոսոֆիայի տարածման լավագույն մեթոդն են համարվում։

Մասնագետ մանկավարժների կարծիքով կան մի քանի պատճառներ, թե ինչու են իրենց քրիստոնյա համարող, սակայն, ցավոք, անտեղյակ ծնողները գերադասում վալդորֆյան դպրոցը սովորական դպրոցից։

Առաջին պատճառը.  ներկայիս սոցիալական զարգացման հիմնահարցերից մեկն է, երբ ծնողները ժամանակ չունեն զբաղվելու երեխաների դաստիարակությամբ և այդ գործն ամբողջովին պատրաստակամորեն հանձնում են «երրորդ» անձանց։ Վալդորֆյան դպրոցներն ստեղծում են երեխայի բազմակողմանի զարգացման պատրանք, և ծնողը գերադասում է միավորել նկարչության, պարի, երաժշտության դասերը մեկ վայրում, այլ ոչ թե գումար և ժամանակ ծախսել մի քանի խմբակների համար։

Երկրորդ պատճառը. վալդորֆյան դպրոցը տպավորություն է ստեղծում, թե տիրապետում է երեխային ճիշտ հասկանալու, նրա բազմակողմանի զարգացմանը ճշմարիտ ուղղություն տալու նոր մոտեցումների։

Երրորդ պատճառը. երեխաներին վճարովի/մասնավոր դպրոց հանձնելու տարբերակը հասանելի է քիչ թե շատ ապահովված խավին, հետևաբար վալդորֆյան դպրոցն ակամայից ձեռք է բերում նաև «էլիտար» դպրոցի համբավ, որտեղ որոշ ծնողներ երեխաներին տանում են այդ դպրոց՝ պարզապես սոցիալական բարձր խմբին իրենց պատկանելիությունը ընդգծելու համար։

Չորրորդ պատճառը. Վալդորֆյան դպրոցի բոլոր մանկավարժները և շրջանավարտները համոզված են, որ նրանք նոր, առաջատար ուսմունքի կրողներ են, և քանի որ դպրոցում  (նաև Ռ. Շտայների օկուլտ գրվածքներում) շատ է օգտագործվում «քրիստոնեություն» բառը, քրիստոնեական սիմվոլիկան, տպավորություն է ստեղծվում, որ այն չի հակասում քրիստոնեությանը։ Սակայն, բոլոր ավանդական եկեղեցիները փաստում են, որ անտրոպոսոֆիան հակաքրիստոնեական ուսմունք է[1]:

Հինգերորդ պատճառը.  ազգային ավանդույթների թվացյալ սերմանումն է:

Հետաքրքրական է, որ Գերմանիայում 30-ական թվականներին մանկավարժները կարծիք հայտնեցին, որ «Վալդորֆյան դպրոցը՝ երեխաների միջոցով միջին խավի ծնողներից, ծառայողներից և հարուստ քաղաքացիներին քրտնաջան աշխատանքով վաստակած գումարները կորզելու մի հնարք է»:

Դպրոցն անջատ է եկեղեցուց, բայց անջատ չէ աղանդից

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը` Արեգնազան դպրոցին պետական արտոնագիր տրամադրելուց առաջ 2005թ. Դեկտեմբերի 1-ին և հետո արդյո՞ք ուսումնասիրել է Ռ. Շտայների ուսմունքը և  վարդորֆյան մանկավարժությունը, ուսումնասիրե՞լ է համաշխարհային փորձը և վերաբերմունքը վալդորֆյան դպրոցների նկատմամբ, և գոնե համապատասխան մասնագետներ չունենալու դեպքում, հրավիրե՞լ է մանկավարժների, հոգեբանների ու աստվածաբանների` անհրաժեշտ եզրակացությունների հանգելու համար։

Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում դպրոցն անջատ է եկեղեցուց, սակայն ապահովագրված չէ աղանդից:

Ամբողջական հոդվածն կարող եք կարդալ հետևյալ հղումովորտեղ ձեզ ենք ներկայացնում նաև ուղղադավան և բողոքական եկեղեցիների բացասական վերաբերմունքը թե՛ Ռ. Շտայների հանդեպ, թե՛ անտրոպոսոֆիայի և՛ թե վալդորֆյան դպրոցների:

 

Ալմաստ Մուրադյան

ք. Երևան, մայիս, 2017թ.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել