«Փաստ» օրաթերթը գրում է.
![]()
Ապրիլի 2–ի խորհրդարանի ընտրությունները կրկին ցույց տվեցին Հայաստանի քաղաքական դաշտի իրական պատկերը. ավելի ճիշտ՝ քաղաքական մոտեցումների բացակայությունը, որ անգամ անցումը խորհրդարանական կառավարման չփոխեց Հայաստանի ֆեոդալական իրականությունը:
Ուշագրավ իրավիճակ ստեղծվեց Սյունիքում: ՀՀԿ–ից ինքնաբացարկ հայտնածների թվում է Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել էր 6879 ձայն և սպասելի էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ինքնաբացարկից հետո հենց նա է գնալու խորհրդարան «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ: Սակայն ապրիլի 7–ի ուշ երեկոյան երիտասարդ Առուշ Առուշանյանը որոշել էր տոնել սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Ու թերևս այսօր Առուշանյանը հենց ՀՀԿ ղեկավարության որոշմամբ է ինքնաբացարկ հայտնել:
Իհարկե՝ անընդունելի է ՀՀԿ թեկնածուի պահվածքը, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ ՀՀԿ ռեյտինգային մեկ այլ թեկնածու՝ Արաբկիր–Աջափնյակ–Դավթաշեն ընտրատեղամասում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ–ի Արտակի սեփական աշխատակիցներին ստորացնող ժողովի ձայնագրությունների գործը գտնվում է ՀՔԾ–ում, բացի դա մամուլում ահազանգեր եղան, որ նրա կողմնակիցները գումարներ են խոստանում, սակայն դա չհամարվեց խոչընդոտ ու Արտակ Սարգսյանը դառնում է պատգամավոր: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ Արտակ Սարգսյանին Սերժ Սարգսյանն ավելի մոտիկից է ճանաչում ու վերջինս անգամ հրավիրում է թոռան կնունքին:
Այսքանից հետո Արտակ Սարգսյանին մնում է հաշվեհարդար տեսնել իրեն զրո ձայն բերած աշխատակիցների հետ ու բաց ճակատով գնալ խորհրդարան: Երբ «Փաստը» Արտակ Սարգսյանին հարցրեց, թե ինչ ակնկալիք ունի ՀՔԾ–ում քննվող գործից, վերջինս հարցը լսելով՝ հայտարարեց, վաղը զանգեք: Հաշվի առնելով իշխանության մոտ կանգնածների հանդեպ հարուցված քրգործերի նախկին փորձը՝ չի բացառվում, որ այդ գործը առաջիկայում կարճվի: Իսկ Սյունիքում կատարվածի արդյունքում՝ շահեց Սիսիանի քաղաքապետի եղբայրը, ով դարձավ 2–րդ պատգամավորը Սյունիքից:
Սյունիքից առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Հիդրո» շինարարական ընկերության սեփականատեր 49–ամյա Ավետ Սարգսյանը, ով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրն է, 4661 ձայն էր ստացել ընտրություններում: Հենց նա է խորհրդարան գնալու, թեև էականորն պակաս ձայն է հավաքել Առուշանյանից:



