Ազգայինն ինձ համար նշանակում է պետություն, պետական շահ, ոչ թե ազգ, որին առանձնացնում եմ այլ ազգերից ու վեր դասում մնացած բոլոր ազգերից, ժողովուրդներից։ Կարևորը մեր պետության համար, թերևս ըստ իս ամենակարևորը, քաղաքացին է, այն մարդն, ով ունի իրավունք մասնակցելու Հայաստանի Հանրապետության կառավարմանը, ոչ թե բնատուր հայ կոչվելու իրավունք ունեցող անձը։ Եվ հատկապես նշեմ, որ առավել կարևորը ոչ թե Հայկական բարձրավանդակն է, այլ Հայաստանի Հանրապետությունը, որը ոչ թե Աստվածատուր պարգև է, այլ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, անկախ պետականության ձգտող մեր հայրենակիցների պայքարի, թափված արյան արդյունք է։
Վերադառնալով այսօրվա իրականություն՝ նշեմ, որ ներկայիս իշխանությունները կրում են ազգային պահպանողական գաղափարախոսությունն ու ներշնչվում են նժդեհյան մտքերից, մտորումներից։
Ազգային պահպանողականությունն իրենից ենթադրում է ազգային շահի վրա կենտրոնացում որպես զարգացման կամ ծրագրերի կազմման հիմնաղբյուր։ Ծիծաղաշարժ է այն հանգամանքը, որ ազգային շահը փորձում են գտնել՝ այլ երկրներին զիջելով պետության ինքնիշխանությունը, մարտավարական նշանակություն ունեցող օբյեկտները, հումքային պաշարների շահագործման հանձնելն ոչ հայաստանյան ծագման կազմակերպություններին և այլն։
Հատկանշական է նաև, որ նրանց քաղաքական կուրսն է համարվում բնականոն միջազգային ինտեգրումը, իսկ զարմանալին այն, որ նրանք ինտեգրման են տանում Եվրոպական Միությանը՝ լինելով հիմնականում եվրոսկեպտիկներ։ Նրանք համարվում են խառը տնտեսության կողմնակիցներ՝ օգտվելով պլանային, համակցված և ազատական տնտեսության տարբեր գործիքներից, եղանակներից, որն, ըստ իս, պատճառ է դառնում ազատ շուկայական, մրցակցային տնտեսության խեղաթյուրմանը և իրականությանը ոչ համարժեք գործելուն։
Այսինքն՝ խնդիրները ծագում են հենց գաղափարական ուղղվածությունից և բառերի յուրովի պատկերացումներից։ Մեր պետության ապագան ուղղակի կապված է քաղաքական կուսակցությունների գաղափարախոսություններից, որոնք պետք է ճշմարիտ ուղղությունները, տեսլականները նշեն՝ հիմնվելով իրենց ծրագրային դրույթնրից, որոնցում նշված բոլոր բառերն իմաստավոր պետք է լինեն։
Այս ամենի ժամանակն է եկել, և քաղաքացիները գնահատելու են միայն բառերի ու մտքերի, գաղափարական ամբողջությունների վրա կառուցված ծրագրերի ու լուծումների հիման վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել