Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու է Արծվիկը, ում անունը հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ընթացքում: Պատրաստ են երգչուհու երգը և տեսահոլովակը, իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Fly with me» երգի և երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը պատասխանեցին մի քանի հարցերի:
Ինչպես Արծվիկը նշեց, «Եվրատեսիլ»-ին մասնակցելու երազանք վաղուց է ունեցել և անգամ երազ է տեսել. «Անցած տարի երազ եմ տեսել, որ եվրատեսիլյան բեմի վրա եմ, ու տեսա, որ մրցույթ է Հայաստանում, որոշեցի գալ ու մասնակցել: Մինչև հիմա չեմ հավատում, որ հաղթել եմ ու Հայաստանը ներկայացնելու եմ»:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ նշեց, որ աննախադեպ է եղել Արծվիկի ընտրությունը, քանի որ և՛ թիմը, և՛ հանդիսատեսը նրան չեն ճանաչել: Կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը, ով երգի և երաժշտության հեղինակն է, նշեց, որ երգը ստեղծել է ամուսնու՝ Լևոն Նավասարդյանի հետ. «Մեզ համար կարևորն արտիստն է, նրան շահեկան կողմից ներկայացնելը` ներառելով իր ամբողջ ուժերը, որպեսզի նա հնարավորություն ունենա տարբերվելու մյուս երկրներից: Ես ինքս ինձնից այսպիսի երգ չէի սպասում, ներշնչեց ինձ Արծվիկի ձայնը, կային էթնիկ հնչերանգներ, որոնք դարձան ինձ համար սկզբնաղբյուր»:
«Եվրատեսիլի» կազմակերպիչը տեղեկացրեց նաև, որ այս տարի ևս բեմադրությունը ստեղծել է շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բափտիստը: «Նրանը չէ ամբողջական բեմադրությունը, թիմային է, մենք տարբեր առաջարկներ ենք ներկայացնում, որն էլ նա վերածում է հեռուստատեսային շոուի: Մենք շատ կուզեինք աշխատել հայ մասնագետների հետ, սակայն դեռևս չենք հանդիպել մեկին, ով շատ բաներ կկարողանա հաշվի առնել և ունենա փորձ, հատկապես` եվրատեսիլյան, քանի որ ուղիղ եթեր է, ու պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Այս անգամ էլ մենք վստահելի ձեռքերում ենք»,- փոխանցեց Գոհար Գասպարյանը: Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:




