Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Այս մասին հայտնում են Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը ողջունել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի զորացմանն ուղղված քայլերը և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտացող համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը, խոսելով հայ-հնդկական պատմական առնչությունների մասին, անդրադարձ է կատարել Հնդկաստանի կյանքում հայկական համայնքների ունեցած կարևոր դերակատարությանը:
Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է, որ այսօր էլ Հնդկաստանում հայ համայնքը լիարժեքորեն շարունակում է ապրել իր ազգային-եկեղեցական կյանքով, որին աշխուժություն է հավելում նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող 1821 թ. հիմնադրված Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նաև երախտագիտությունն է հայտնել այն հոգածու վերաբերմունքի համար, որ Հնդկաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվում է թե հայ համայնքի և թե հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ: Նորին Սրբությունն այս կապակցությամբ տեղեկացրել է Հնդկաստանի փոխնախագահին հայկական եկեղեցիների պահպանության և ճեմարանի կրթական գործունեության ընդլայնման ուղղությամբ Մայր Աթոռի և Կալկաթայի հայ համայնքի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


