Barometer.am-ը գրում է.

"Երկիր ծիրանի" կուսակցությունը հրապարակել է Երևանի ավագանու նախընտրական ծրագիրը:

"Քաղաքը կարոտ է մաքրության՝ մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների։ Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք և ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքի՝ համահայկական մայրաքաղաքին…": 
Էմանուել Աթաջանյան
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի վարդապետ
15 ապրիլի, 2017


Թամանյանը ստեղծեց ԱՐԵՎԻ քաղաքը` ժամանակակից հայ ժողովրդի մայրաքաղաքը: Երևանը, դառնալով հայ ժողովրդի 12-րդ մայրաքաղաքը, հանդիսանում է կենտրոն` հայկական վարչաքաղաքական, տնտեսական, կրթական, գիտական և մշակութային կյանքի։

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխությունը Հայաստանում, անցումը շուկայական տնտեսության և մասնավոր սեփականության 1990-ական թվականներին` անդրադարձ ունեցան նաև քաղաքաշինության, այդ թվում` քաղաքի կենտրոնի կառուցապատման զարգացման գործընթացի վրա: Փոխվեց ճարտարապետության սոցիալական էությունը: Շինարարության հիմնական պատվիրատուն պետության փոխարեն դառնում է մասնավոր կապիտալը, որը բերում է ճարտարապետաշինարարական գործընթացների արմատական փոփոխության: Քաղաքաշինության քաոսային զարգացումն առաջին հերթին դրսևորվեց քաղաքի կենտրոնում, որը կարիք ուներ վերակառուցման և նոր կառուցապատման:
Երևանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է և այլևս կառուցապատման տեղ չկա: Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից` խիտ կառուցապատում ունեցանք, որտեղ նաև զավթվեցին հանրային կանաչ տարածքները:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2005-2015 թվականներին Երևանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է նորանկախ Հայաստանի` 1991-2004 թվականների ժամանակահատվածի ցուցանիշը:


Երևանի կենտրոնի բնակելի կառուցապատման հիմնական քաղաքաշինական խնդիրները.

• քաղաքային համալիր կոմպոզիցիոն անորոշության երևույթի համընկնումը հնի և նորի հետ, որը պայմանավորված է տարբեր ժամանակներում կառուցապատման` հետևողական ձևավորված տարրերի կոմպոզիցիոն ազդեցության բացակայությամբ,
• ամբողջությամբ ճարտարապետության միասնականության անկումը` պայմանավորված քաղաքաշինական կոմպոզիցիոն պահանջների աստիճանական թուլացմամբ և կառուցապատման հին ու նոր սկզբունքների պահանջների բախումով, ինչպես նաև` կառուցապատման կոնկրետ մոդելների բացարձակ բացակայությամբ,
• թաղամասերի անվտանգության ցածր մակարդակը, որը պայմանավորված է կառուցապատման չափից դուրս խտությամբ, ճարտարապետանախագծային որոշումների անկատարությամբ և համապատասխան նորմատիվ պահանջների անտեսմամբ,
• բնակելի միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանների վատթարացումը, որը պայմանավորված է ոչ մեծ թաղամասերում բնակչության խտության մեծացմամբ, կանաչ տարածքների կրճատմամբ, բարեկարգմամբ և այլ խնդիրներով,
• գեղարվեստական չափորոշիչների բացակայությունը ճարտարապետական ձևավորման գործընթացում` պայմանավորված քաղաքաշինական տարածքի յուրաքանչյուր տարրի ինքնաբուխ ձևավորման սկզբունքով, որտեղ կառուցապատման ճարտարապետական տեսքը բնութագրվում է ճաշակի և ոճի մոդելների չափազանց լայն տարբերությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել